20.10.2024
Իրանն առանց պատժամիջոցների՝ Անդրկովկասի կարևորագույն խաղացող. փորձագետներ
06.04.2015
Իրանն առանց պատժամիջոցների՝ Անդրկովկասի կարևորագույն խաղացող. փորձագետներ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» և Թեհրանի միջև օրերս ձեռք բերված փոխզիջումը, որը ենթադրում է փուլային տարբերակով Իրանի նկատմամբ կիրառած պատժամիջոցների չեղյալ հայտարարում, կարող է լրջորեն փոխել իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում: Փորձագետների կարծիքով, պատժամիջոցներից ձերբազատված Իրանը կարող է դառնալ տարածաշրջանում կարևորագույն խաղացող, նրան կարող է վերապահվել նաև տարածաշրջանային «խնդիրների կարգավորիչի դերակատարում»: Փորձագետների կանխատեսումներով, պատժամիջոցների չեղյալ հայտարարումը կարող է բարձրացնել Իրանի տնտեսական և աշխարհաքաղաքական դերակատարումը միջազգային հարաբերություններում, ինչը կարող է անմիջական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի վրա: Երևանը և Թեհրանը զարգացրել են համագործակցությունը նույնիսկ Իրանի պատժամիջոցային շրջափակման պարագայում: Մասնագետների կարծիքով, Իրանի պատժամիջոցների չեղյալ համարումը Հայաստանի առջև բացում է տնտեսական և քաղաքական հնարավորությունների պատուհան: Երևանն արդեն պաշտոնապես ողջունել է իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը, որը կարող է նպաստել տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանը: «Իրանական միջուկային ծրագրի կարգավորման գործընթացում լուրջ առաջընթացը վկայում է այն մասին, որ նույնիսկ ամենադժվար խնդիրները կարելի է կարգավորել բանակցությունների միջոցով»,-ասված է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով, Իրանի և «վեցնյակի» վերջնական համաձայնության դեպքում Երևանը պետք է աշխատի տնտեսական պատժամիջոցների պատճառով կորցված դիրքերի վերականգնման ուղղությամբ: Ըստ նրա` Հայաստանի առջև կրկին բացվում է Իրանի և Արևելքի ու Արևմուտքի միջև կրկին անգամ տարանցիկ միջանցքներից մեկը դառնալու հեռանկարը: Ղազարյանի կարծիքով, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղի կառուցումը, որը միավորում է Իրանի, Հայաստանի և Վրաստանի տրանսպորտային ուղիները, չի կորցնի իր տնտեսական նպատակահարմարությունը: Փորձագետները նշում են, որ Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման արդյունքում, Հայաստանը փաստորեն կորցրել էր Իրանը, որպես լիարժեք առևտրա-տնտեսական գործընկեր: Միջբանկային գործողությունների և ֆինանսական հոսքերի փաստացի դադարեցման պայմաններում, գրեթե 60%-ով կրճատվել է հայ-իրանական ապրանքաշրջանառությունը: Այն 2012թ.-ին այն կազմել է գրեթե 350 միլիոն դոլար: Մի շարք նախագծերի կյանքի կոչումը՝ Արաքս գետի վրա ՀԷԿ-ի, երկաթգծի, նավթավերամշակման գործարանի և համատեղ ազատ տնտեսական գոտու ստեղծումը՝ հետաձգվել էր անորոշ ժամանակներով: Ինչպես նշում է Արսեն Ղազարյանը, Հայաստանը փաստացի կտրված է եղել Պարսից ծոցի ափին գտնվող Բանդար Աբաս իրանական նավահանգստից. «Նավերով փոխադրումներով զբաղվող ընկերությունները հրաժարվում էին բեռներ հասցնել իրանական նավահանգիստ»: Ըստ նրա` այդ պատճառով Հայաստանը ստիպված էր ապրանքափոխադրումներ իրականացնել վրացական Փոթի և Բաթումի նավահանգիստներով: Այնուամենայնիվ Իրանը շարունակում էր մեծ հետաքրքրությամբ հետևել տարածաշրջանային զարգացումներին: Հայաստանը և Իրանը վարել և վարում ակտիվ քաղաքական երկխոսություն. բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցերը իրականացվում են բավականին հաճախ: Վերջերս Երևան էր այցելել Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը: Բանակցությունների հիմնական օրակարգը վերաբերում էր Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը: Իրանի հարցերով առաջատար հայ փորձագետ Գառնիկ Ասատրյանը նշել է, որ պատժամիջոցների թուլացումը կարող է հանգեցնել տարածաշրջանային զգալի տեղաշարժերի: Նրա կարծիքով, տնտեսական շահերը առաջ տանելուն զուգահեռ, Թեհրանը աշխատանքներ է տանելու կորցրած քաղաքական դիրքերը վերականգնելու համար: «Այս պահին Իրանը դա անելու է Արևմուտքի համաձայնությամբ կամ լռության պայմաններում և նավթային շուկա լիարժեք վերադարձից հետո: Դա լրջորեն կթուլացնի Թուրքիայի տարածաշրջանային դիրքերը, ինչը բխում է Հայաստանի շահերից», - նշում է փորձագետը: Նրա կարծիքով, եթե նույնիսկ ենթադրվի, որ Իրանի ուժեղացումը կարող է ինչ-որ ռիսկեր պարունակել Հայաստանի համար (որոշ փորձագետների կարծիքով, պատժամիջոցների պայմաններում Հայաստանը կարևոր նշանակություն ուներ Իրանի համար, քանի որ Թեհրանի կողմից ընկալվում էր որպես կամուրջ դեպի Արևմուտք), քաղաքական և տնտեսական դիվիդենտները իրենցով կփակեն բոլոր բացասական հետևանքները: Հայ փորձագետների մեծ մասը գտնում է, որ Իրանից պատժամիջոցների հանելուն զուգահեռ կվերանայվի նաև Իրանի դերը միջազգային հարաբերություններում: «Մենք գործ ունենք մի գործընթացի հետ, երբ Թեհրանին կարող է վերապահվել տարածաշրջանային կարգավորիչի լուրջ դերակատարում», - Verelq.am-ի հետ զրույցում նշել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը: Նրա խոսքով, Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում մեծանալու է: Ըստ Սարգսյանի` տարածաշրջանում ձևավորվելու է նոր ստատուս-քվո: «Իրանը վերականգնելու է իր դիրքերը, ինչը նշանակում է ուժերի նոր բալանս, ինչը կթուլացնի Թուրքիայի դիրքերը Հարավային Կովկասում», - նշել է նա: Սարգսյանի խոսքով, Իրանն ունի իր ամբիցիաները և տարածաշրջանային ուժերի բալանսի սեթական տեսլականը: Փորձագետի կարծիքով, Իրանի մեկուսացված վիճակի վերացումով Անդրկովկասում լրջագույն փոփոխություններ են սպասվում, որի հետո արդեն անհնար կլինի գնահատել իրավիճակը տարածաշրջանում նախկին լույսի ներքո: