24.11.2024
Հանդիպել են Կարեն Կարապետյանն ու Արմեն Սարգսյանը
prev Նախորդ նորություն

Կրիպտոարժույթի մայնինգով զբաղվելու ոլորտը հերթական մենաշնո՞րհ. ինչ լուծում է առաջարկվում

«Ելք» դաշինքը տեղեկություններ ունի այն մասին, որ Հայաստանում կրիպտոարժույթի մայնինգով զբաղվելու ոլորտը շատ արագ ուզում են մոնոպոլիզացնել: ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի խոսքով՝ նկատվում է մի իրավիճակ, երբ փորձում են Հայաստանից անհատներին կամ կազմակերպություններին արգելել այլ տեղ մայնինգով զբաղվելու հնարավորությունը:


«Հավաքում են բոլոր կազմակերպություններին, անհատներին, որոնք զբաղվում են դրանով և փորձում Հայաստանից որևէ այլ տեղ մայնինգով զբաղվելու հնարավորությունները փակել: Նման մտադրություններ կան և մենք գտնում ենք, որ ամեն ոք այս պահին պետք է կարողանա զբաղվել դրանով, որևէ կերպ չպետք է խոչընդոտվի նրանց զբաղվելն այդ գործառույթով, որովհետև դա լայն հնարավորություններ է բացելու»,- ասաց պատգամավորը:


Մանե Թանդիլյանը վստահ է, որ այդ ոլորտի ազատականացումը և ազատ տնտեսվարումն անհրաժեշտ է, որպեսզի այն զարգանա Հայաստանում: Նա նաև հիշեցրեց, որ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել թվային տեխնոլոգիաների զարգացման մասին օրենքի նախագիծ, որը կարգավորելու է ՀՀ վարչական տարածքում ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կրիպտոարժույթի մայնինգով զբաղվելուն առնչվող իրավահարաբերությունները: Նախագիծն, ըստ նրա, ապահովում է հենց այդ ազատությունը, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա զբաղվել դրանով առանց սահմանափակումների:


Նշենք, որ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարություններն այս ոլորտը պահում են ուշադրության կենտրոնում: Փետրվարի սկզբին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը  հայտարարել էր, որ կրիպտոարժույթի կարգավորումը չի կարող իրականացվել միայն մեկ երկրի շրջանակներում եւ պետք է լինի անդրազգային: Նա առաջարկել էր միասնական կարգավորումը ներդնել Եվրասիական տնտեսական միության երկրներում (ԵԱՏՄ):


Իսկ օրերս Ալմաթիում կայացած միջազգային համաժողովի շրջանակում ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարություններին ուղղված կոչ հնչեց շուտափույթ ընդունել կրիպտոարժույթի օգտագործման մասին օրենսդրություն: Մասնավորապես նշվել էր, որ կրիպտոոլորտի կարգավորումը պետք է իրականացվի պետությունների կողմից, ինչը կերաշխավորի քաղաքացիներին երրորդ անձանց անբարեխիղճ գործողություններից, ինչը կբացառի նաև կրիպտոարժույթի օգտագործումը ապօրինի բիզնեսի սպասարկման համար կամ ահաբեկչության ֆինանսավորման համար:


Ըստ այդմ, ընդգծվել է, որ կրիպտոարժույթին վերաբերող ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությունն ու նորմատիվ ակտերը պետք է սինխրոնացվեն և հաշվի առնեն շուկայի բոլոր մասնակիցների շահերը: