Հայաստանի և Ռուսաստանի գյուղնախարարություններն ակտիվացնում են համագործակցությունը
Երևանում տեղի է ունեցել Գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կարևորել է երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև համագործակցության ակտիվացումը` ընդգծելով, որ նպատակադրված են կառուցողական աշխատանքի, ինչը կբերի փոխշահավետ համագործակցության: Իգնատի Առաքելյանը մասնավորապես կարևորել է համագործակցության խորացումը սերմնաբուծության, անասնաբուծության ոլորտներում:
«Շատ կարևոր է բիզնես կոնցեպցիայի մշակումը, որպեսզի դա լինի ոչ թե օժանդակություն, այլ ագրոբիզնեսի գործընկերություն, և հետաքրքություն ներկայացնի գործարարների համար»,- նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Ռուսական կողմի ղեկավար, ՌԴ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, մեխանիզացիայի և բույսերի պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Պյոտր Չեկմարևը նշել է, որ քայլեր կձեռնարկվեն, որպեսզի սելեկցիայով զբաղվող ՌԴ գիտական ինստիտուտներն այստեղ ներկայացուցչություն ստեղծեն, ինչը օժանդակություն կլինի հայ սերմնաբույծների համար, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմանները` հնարավորություն կստեղծի մասնավորապես բանջար-բոստանային մշակաբույսերի սերմացուների արտադրության և ՌԴ արտահանման համար: Նա նաև հնարավոր է համարել Հայաստանում խոզաբուծական և թռչնաբուծական համատեղ ձեռնարկություններ բացելու հեռանկարը:
Նիստի օրակարգում քննարկվել են նաև գյուղտեխնիկայի, մեքենատրակտորային կայանի ստեղծման, բույսերի պաշտպանության, անասնաբուժության, օրգանական գյուղատնտեսության, ձկնաբուծության, գիտության և այլ ոլորտներում առանձին հարցերի կարգավորման և առաջիկա համագործակցությանն ուղղված հարցեր:
Կողմերը կարևորել են երկու երկրների միջև պարբերաբար տեղեկատվության փոխանակումը` քաղաքականությունների առավել արդյունավետ մշակման, պետական օժանդակության նպատակային իրականացման և համակարգված աշխատանքի առումով:
Քննարկված հարցերի և ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվելու է Առևտրատնտեսական հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի վաղը կայանալիք նիստի քննարկմանը: