"Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ", - հայտնում է ԼՂ Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ: "ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում", - ասված է հաղորդագրությունում: Ըստ Times.am-ի տեղեկությունների, հայկական կողմը անցել է հակահարձակման՝ թշնամուն պատճառելով մարդկային մեծ կորուստներ։ Ըստ ՊԲ մեր զրուցակցի, ադրբեջանցի զինծառայողների դիակները գտնվում են հենց հայկական մարտական դիրքերին հարող տարածքներում։ Հայտնի է դարձել նաև, որ Հայոց բանակի ՀՕՊ ստորաբաժանումներն ադրբեջանական ռազմական ուղղաթիռ են խոցել։