Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Աֆրինում իրավիճակի կարգավորման համար. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է միջնորդի դեր ստանձնել սիրիական Աֆրինում իրավիճակի կարգավորման համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Մենք մեր դերը որևէ մեկին չենք պարտադրում, սակայն եթե դրա պահանջը լինի՝ մենք պատրաստ ենք կատարել մեր բարի ծառայությունը, որպեսզի արյունահեղությունը դադարի», - ասել է Բոգդանովը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում:
Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ: