Մերձմոսկյայում փետրվարի 12-ին կործանված Ан-148 ուղեւորատար օդանավի «սեւ արկղների» վերծանումը ստիպել է խոսել այն մասին, որ աղետի պատճառ է հանդիսացել օդաչուների պատրաստվածության ցածր մակարդակը, որոնք իբր թե չեն միացրել ինքնաթիռի ամբողջական ճնշման ընդունիչների տաքացման համակարգը։
Միեւնույն ժամանակ օդաչուներից մեկի՝ Սերգեյ Համբարյանի հայրը՝ Արսենը, այդ վարկածը զառանցան է անվանել՝ նշելով, որ իր որդին առաջին կարգի օդաչու էր, ողջ կայնքը ձգտել է ավիացիայի ոլորտ, լավ պատրաստված է եղել եւ չէր կարող նման կոպիտ սխալ թույլ տալ։ Նա «Московский комсомолец»-ին տված հարցազրույցում դժվարացել է հստակ նշել օդանավի կործանման պատճառը, սակայն չի հավատում նաեւ շրջանառվող վարկածին։
«Այն որ հիմա գրում են, թե միացված չի եղել ինքնաթիռի ճնշման ընդունիչների տաքացման համակարգը, ոչ այլ ինչ է, քան զառանցանք։ Ես նման օդանավերով չեմ թռչել, սակայն իմ ընկերն ինձ ուղարկել է Ан-148-ի տեխնիկական պարամետրերը։ Նշվում է, որ եթե տաքացման համակարգը չի միացված, օդանավը երեք տարբեր ձեւերով դրա մասին զգուշացնում է», - նշել է Արսենը։
Նրա խոսքով, այդ նախազգուշացումները հնարավոր չէ չնկատել։ «Պետք է լինել խուլ եւ կույր», - ասել է նա՝ հավեվելով, որ այդ ազդանշանները տրվում են դեռեւս այն ժամանակ, երբ օդանավը դեռ թռիչք չի կատարել։
Համբարյանը նաեւ նշել է, որ դեռեւս օդանավի կործանման վերջնական պաշտոնական վարկածը հաստատված չէ։ Նրա խոսքով, հետաքննության արդյունքների մասին պաշտոնական տեղեկություններ չի ստացել։ «Ամեն ինչի մասին տեղեկանում ենք մամուլից», - ասել է նա ու հավելել, որ ձգտելու է հասնել նրան, որպեսզի իրենց թույլ տան լսել «սեւ արկղների» ձայնագրությունը։
«Իբրեւ օդաչու ես ուզում են գնահատել այն իրավիճակը, որ ստեղծված է եղել տղաների մոտ օդանավում։ Եւ ուզում եմ վերջին անգամ լսել որդուս ձայնը», - եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ Մոսկվա-Օրսկ չվերթ իրականացնող Ан-148 ինքնաթիռը, փետրվարի 12-ին Դոմոդեդովո օդանավակայանից օդ բարձրանալուց րոպեներ անց անհետացել էր ռադարների էկրաններից, այն ընկել էր ու պայթել: Զոհվել էին բոլորը՝ ինքնաթիռի 65 ուղեւորներն ու անձնակազմի 6 անդամները:
Ըստ շրջանառվող տեղեկությունների, աղետը հավանական է տեղի է ունեցել թռիչքի արագության ոչ ճիշտ ինֆորմացիայից, որը օդաչուները ստացել են տեղեկատու սարքերից: Իսկ այդ անճշտություններն էլ, իրենց հերթին, ստացվել են ամբողջական ճնշման սարքի ցուցիչի սառցակալման հետեւանքով, որով չափում են ինքնաթիռի արագությունը: Նրանց հակասառեցումը անջատված է եղել: