Թուրքիայում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է ԱԳՆ
Թուրքիայում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Ուեստստրատեն հրավիրվել է երկրի արտաքին գործերի նախարարություն: Թուրք իշխանությունների դժգոհությունը հարուցել է այն հանգամանքը, որ Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը վերաբերող քննարկման է դրվել երկու օրինագիծ:
Ինչպես հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը, Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը նշել է, որ այդ օրինագծերը պատրաստվել են Հոլանդիայի հայամետ քաղաքական գործիչների կողմից: Նրա խոսքով՝ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը 1915 թվականի վերաբերյալ հիմնվում է «պատմական իրականության և իրավական նորմերի վրա:
«1915-ը Թուրքիայի և թուրք ժողովրդի համար զգայուն հարց է: Եվ վերջինիս վերանայումը, ինչպես նաև դրա քաղաքականացումը հնարավոր չէ, մանավանդ, որ այն կապ չունի պատմության և իրավունքի հետ: Կոչ ենք անում հոլանդացի քաղաքական գործիչներին վերանայել Թուրքիայի նկատմամբ իրենց կողմնակալ դիրքորոշումը, ինչպես նաև չքաղաքականացնել պատմությունը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը:
Վերջինս կոչ է արել Նիդերլանդներին աջակցել Թուրքիայի կողմից 2005թ. առաջ քաշած առաջարկը, այն է՝ ստեղծել պատմաբաննների և փորձագոտների հանձնաժողով՝ 1915թ. տեղի ունեցած դեպքերն ուսումնասիրելու համար:
Նշենք, որ օրինագծերը քննարկման են դրվելու առաջիկա շաբաթների ընթացքում: