29.09.2024
Ստեփանակերտում ծեծի է ենթարկվել պատգամավոր Հայկ Խանումյանը
06.06.2016
Ստեփանակերտում ծեծի է ենթարկվել պատգամավոր Հայկ Խանումյանը

Հունիսի 6-ին ծեծի է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը: Այս մասին հայտնել է կուսակցության համակիր Էլմիրա Գրիգորյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Բերել են մեր տան մոտ։ Տաքսիով են ուղարկել։ Չգիտեմ դաշտեր են տարել, թե որտեղ, հետո տաքսի են դրել, ծեծված բերել են։ Նոր են բերել», - ասաց Գրիգորյանը։ Խանումյանի հարազատների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում։ Նրանց փոխանցմամբ, Ազգային ժողովից դուրս գալիս Խանումյանին են մոտեցել զինվորական համազգեստով մարդիկ և նրան ծեծելով նստեցրել մեքենան: Նշենք, որ այդ տարածքը վերահսկվում է Ազգային ժողովի և հարակից հյուրանոցի տեսախցիկներով։ Խանումյանի կինը՝ Դիանա Մովսիսյանը փոխանցեց, որ քիչ առաջ զրուցել է ամուսնու հետ, վերջինս իրեն հրահանգել է տանից դուրս չգալ։ Ընդդիմադիր պատգամավորի հարազատները ցույց տվեցին Խանումյանի կոստյումը՝ ամբողջովին պատռված՝ վրան ոտնահետքեր։ Հայկ Խանումյանն այս պահին գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Հիվանդանոց է եկել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Շարժում 88» խմբակցության պատգամավոր Վիտալի Բալասանյանը։ Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունից Ֆելիքս Հարությունյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Խանումյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: «Նման բան չկա, էտ ասեկոսեներին մի հավատացեք», - ասաց Հարությունյանը: Քիչ առաջ ոստիկանության ներկայացուցչները ժամանեցին հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանն իր համակիրների հետ աջակցում է Արցախ ժամանած Պաշտպանության բանակի նախկին հրմանատար Սամվել Բաբայանին: Ավելի վաղ Բաբայանը կոշտ քննադատության էր ենթարկել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ռազմա-քաղաքական ղեկավարությանն՝ ապրիլյան պատերազմի օրերին իրականացրած քայլերի համար: Հայկ Խանումյանը եւ իր համակիրները ստեղծել են նախաձեռնող խումբ Բաբայանին Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու պահանջով: «Ստեղծել ենք նախաձեռնող խումբ` Սամվել Բաբայանին Արցախի Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու պահանջով: Վաղվանից սկսում ենք կազմակերպչական աշխատանքներն այս հարցով մեծ հավաք կազմակերպելու ուղղությամբ: Նախաձեռնող խումբը գրասենյակ է վարձակալել "Օկեան" հյուրանոցի տարածքում, վաղվանից սկսում ենք ակտիվորեն աշխատել: Հավաքի օրվա, ժամի և այլ մանրամասների մասին կտեղեկացնենք նախօրոք», - իր Ֆեյսբուքյան էջում հունիսի 5-ին գրել է Հայկ Խանումյանը: