24.11.2024
ՏՄՊՊՀ-ն անդրադարձել է սուպերմարկետներում գների բարձրացմանը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Գործարարներն ազատ են, ՀՀԿ քաղաքական հատվածին Սերժ Սարգսյանը «պատանդ» է վերցրել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Արայիկ Գրիգորյանին պատկանող Ավշարի գինու գործարանում է հավաքվել ՀՀԿ ԱԺ խմբակցությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Մոտ 6 ժամ ճաշել, զրուցել, անգամ պարել ու թենիս-բիլիարդ են խաղացել։ Բացակայել են Արփինե Հովհաննիսյանը, որը Հայաստանում չէ, Միհրան Պողոսյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Ալիկ Սարգսյանը, ում ծնունդն էր հունիսի 1-ին։ Սամվել Ալեքսանյանը շուտ դուրս է եկել՝ «գործ շատ ունեմ» ասելով։ Հիմնական թեման եղել է ՀՀԿ-ի «ապագան»։ Սարգսյանն ասել է․ «ՀՀԿ բիզնես թեւն ազատ է, ով ցանկանում է, կարող է դուրս գալ», կոշտ գնահատականներ է տվել «թուլակամ» Շիրակ Թորոսյանի, Արթուր Գեւորգյանի հասցեին, որն առանց տեղյակ պահելու է խմբակցությունից դուրս եկել։ Քաղաքական թեւի մասին էլ ասել է՝ իրենք եւս ազատ են, բայց «ով ուզում է դուրս գալ, մանդատը պետք է վայր դնի․ դա է բարոյականը»։ Սեյրան Սարոյանը գործարարներին «հանաքով» ասել է՝ «կուտը» չուտեք՝ դուրս գաք, տեսա՞ք շեֆը հետո ինչեր ասավ»։ Երեկվանից հայտնի է, որ Սամվել Ալեքսանյանն ու Արտակ Սարգսյանն օրերս դուրս կգան»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արա Բաբլոյանին հանրապետականներն ու նախկին իշխանությունները հորդորել են զբաղվել հայ-ռուսական հարաբերությունների կարգավորմամբ, գոնե՝ պառլամենտական մակարդակում։ Հիմա շատերը մտավախություն ունեն, որ Ռուսաստանը վրդովված է եվրոպամետ կադրերի նշանակմամբ տարբեր պատասխանատու պաշտոններում, հատկապես՝ ՊՆ-ում, Անվտանգության խորհրդում, եւ այդ վրդովմունքը կարող է արտահայտվել ռուսական ավանդական «եղանակով»՝ Արցախում սադրանքներ հրահրելով կամ Հայաստանի դեմ ուղղված տարբեր ձեռնարկներով, ուստի կարծում են, որ այդ գործում կարող է որոշակի դերակատարում ունենալ տարեց եւ հավասարակշիռ Բաբլոյանը, ում ռուսները նորմալ են ընկալում։ Նա այս օրերին գտնվում է Մոսկվայում՝ պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված համաժողովին է մասնակցում եւ երեկ ելույթ է ունեցել «միջազգային անվտանգության թեմայով»՝ ընդգծելով․ «Տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից կարեւորագույն հարցերից մեկը շարունակում է մնալ ԼՂ հակամարտության խաղաղ լուծումը: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետեւողական եւ կառուցողական դերը խաղաղ կարգավորման գործում: Հայաստանը միշտ հավատարիմ է հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ձեւաչափով»: Բաբլոյանը նաեւ հանդիպել-զրուցել է Պետդումայի նախագահի հետ։ Այս օրերին Մոսկվա է մեկնել նաեւ Գագիկ Ծառուկյանը, որտեղ, մեր տեղեկություններով, հանդիպումներ է ունենում «Եդինայա Ռոսիայի» եւ Պետդումայի այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների թեման ՀՀ «ներքաղաքական իրավիճակն» է»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ «թավշյա» հեղափոխության հրապարակային միջոցառումների օրերին հեղափոխականների քննադատության թիրախում հիմնականում Սերժ Սարգսյանն էր ու իր ընտանիքը, սակայն վերջին շրջանում նրանք մի տեսակ մոռացվել են: Նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության թիրախում ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանն է իր թիմակիցներով՝ ի դեմս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի: Նախ «ՆորՖոլկ Քոնսալթինգ» ընկերության կողմից թույլ տրված չարաշահումները բացահայտեց ԱԱԾ-ն, որը անմիջականորեն կապված էր ՀՀ ՊԵԿ-ի ու ՊԵԿ նախկին նախագահի հետ:  Բացի այդ, խոշոր տնտեսվարողների մոտ ստուգումների արդյունքում ԱԱԾ բացահայտումներից հայտնի դարձավ, որ գործարարների հետ գյուղմթերքի իրացման մեխանիզմների շուրջ պայմանավորվածությունները ձեռք էին բերվել 2017թ. վերջերին, երբ վարչապետը Կարապետյանն էր, ՊԵԿ նախագահն էլ՝ Վարդան Հարությունյանը: Ովքե՞ր կան խոշոր կոռումպացվածների բազմամարդ ցուցակում, ո՞վ է հաջորդը: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է, թե իրենք նաեւ այլ խոշոր ընկերություններում են ստուգումներ անցկացնելու: Իսկ թե ում մոտ, չի մանրամասնել: «Շատ հայտնի ընկերություններ են»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած տարբեր կարգի պաշտոնյաների հավաստիացումներին, թե գազի ներտնային սպասարկման համակարգը մնալու է Կարեն Կարապետյանի տիրապետության տակ, «Ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը արդեն տվել է իր նախնական հավանությունը համակարգը ԱԻՆ-ին վերաենթարկեցնելու համար: Ընդ որում՝ էականորեն կնվազեն այդ ծառայության համար գանձվող վճարները, և որ ավելի կարևոր է՝ այդ գումարները կհոսեն ոչ թե ինչ-որ մարդկանց գրպանը, այլ պետական բյուջե»:

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Առողջապահության համակարգում շարունակում են պաշտոնավարել անձինք, ովքեր տարիներ շարունակ ասոցացվել են կոռուպցիայի հետ և պետական տարբեր ծրագրերի միջոցով միլիոնատերեր են դարձել։ Հեռանալ չի պատրաստվում ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը։ Իր «յուղոտ» պաշտոնին չի ցանկանում հրաժեշտ տալ նաև ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանի եղբայրը՝ ԱՆ լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանը, որին հեռացնելու ցանկություն կար դեռևս նախկին նախարար Լևոն Ալթունյանի ժամանակվանից, սակայն ապարդյուն։ Կարեն Կոստանյանը շատ խոր արմատներ է գցել համակարգում։ Հեռանալ չի պատրաստվում և իր հեռացումը պահանջող նախարարի պահանջի շուրջ մեծ աղմուկ է բարձրացրել ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Սևումյանը։ Որոշ տեղեկություններով՝ տարեկան 560 միլիոնից ավելի գումար է շրջանառվում այդ ՊՈԱԿ-ում, սակայն այդ գումարի բաշխումը իրականացվում է անհասկանալի մեխանիզմներով և անարդյունավետ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպին՝ քաղաքացիների եւ ԱԱԾ աշխատակիցների միջեւ ծեծկռտուքին հաջորդած բողոքի ցույցերը, մեղմ ասած, վտանգավոր երանգ են ստանում: Վտանգավոր հենց Արցախի համար, քանի որ երկիրը շարունակում է գտնվել պատերազմական վիճակում: Նման իրավիճակում պետության ներսում անկառավարելի իրավիճակ ստեղծելու, ապակայունացման ցանկացած փորձ կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ: Բացի այդ, Ստեփանակերտում տեղի ունեցածը վտանգավոր է ոչ միայն այդ պետության համար (քանի որ հակառակորդը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից` փորձելով դիմել ակտիվ ռազմական գործողությունների), այլեւ սա անուղղակի ստվեր է քցում Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխության վրա: Ի վերջո, Ստեփանակերտում փորձում են կրկնել Հայաստանում իրականացված քայլերը, եւ եթե իրադարձություններն ընթանան ոչ ցանկալի հունով, ապա հետեւանքները ծանր կլինեն:

Ուշ երեկոյան մեզ հայտնի դարձավ, որ արցախցիները որոշել են դադարեցնել բողոքի ցույցերը: Բանն այն է, որ ի սկզբանե ԼՂՀ իշխանություններն ադեկվատ են գնահատել իրավիճակը, ու նախագահ Բակո Սահակյանի մակարդակով ցույցի կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ խոստում է հնչել միջադեպի մեղավորներին բացահայտելու եւ պատժելու մասին, այդ ուղղությամբ արդեն հստակ քայլեր են կատարվում: Մեր տեղեկություններով՝ Բակո Սահակյանը պետական պաշտոնյաների հետ քննարկումներ է անցկացրել, որոշվել է ստեղծել հանրային խորհուրդ: Նախնական որոշվել է, որ հրաժարական են ներկայացնելու ԼՂՀ ոստիկանապետ Կամո Աղաջանյանն ու իր տեղակալը իրավիճակի հանգուցալուծման համար: Ու հիմա, հաշվի առնելով Բակո Սահակյանի հետ պայմանավորվածություններն ու ՀՀ վարչապետի հորդորը, բողոքի գործողությունները դադարեցվել են: Հետաքրքիրն այն է, որ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, երեկ երեկոյան ցուցարարների հետ հերթական անգամ հանդիպման է շտապել պետնախարար Արայիկ Հարությունյանը: Այդ պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով հանդես է եկել հայտարարությամբ: Մարդիկ նրա ելույթը ծափերով են ընդունել՝ հայտարարելով իրենց որոշման մասին»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը կարող է վերստին նշանակվել «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն: Հիշեցնենք, որ 2016թ. նա ՊԵԿ նախագահ նշանակվեց՝ լքելով «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի պաշտոնը: Ի դեպ, գլխավոր տնօրենի տեղակալը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին է: Եթե Հարությունյանը վերանշանակվի այդ պաշտոնում, ապա հնարավոր կլինի արձանագրել, որ «Գազպրոմ Արմենիան» Կարապետյան-Հարությունյան զույգի համար ընտանեկան կապալ է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապա­հովման դեպարտամենտի պետի ժա­մանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հավաքում է իրերը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տե­ղեկությունների համաձայն՝ նա լքելու է իր պաշտոնը: Հիշեցնենք, որ Կարա­պետյանը ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պարտականությունները սկսել է կա­տարել 2016 թվականի նոյեմբերի 28-ից: Սա այն բանից հետո, երբ ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանն ազատվեց պաշտոնից: Հիմա Կարապետյանը մեկուկես տարի բաժնի պետի պարտականություններն էր ներկայացնում: Նկատենք, որ նրա գործունեության ընթացքում մի շարք մա­տակարարներ ընկել են դատարանի դռները իրենց իրավունքները վերա­կանգնելու համար»:


«Փաստ» թերթը գրում է. «Հանգստյան օրերին մսի և գյուղմթերքի գները ցանցային խոշոր առևտրի կետերում շեշտակի աճեցին: Անհարկի գնաճի դեմ հայտարարությամբ հադես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կոչ արեց հանրությանը բոյկոտել «թալանչիներին և կոռուպցիոներներին»: Խոշոր սուպերմարկետներից առևտուր չկատարելու բոյկոտին միացավ նաև հասարակությունը: Գնորդներ չկորցնելու և առևտրի ծավալները չկրճատելու նպատակով (թեպետ պաշտոնական ձևակերպումն այլ էր)՝ սուպերմարկետներում մսի և գյուղմթերքի գները ժամերի ընթացքում վերականգնվեցին: «Փաստ» օրաթերթը փորձեց սուպերմարկետներից տեղեկանալ, թե վերջին օրերի բոյկոտն ինչպես է անդրադարձել առևտրի ծավալների վրա: Մասնավորապես «Երևան սիթի», «Նոր Զովք» և «Սաս» սուպերմարկետների գրասենյակներից նշեցին, որ դա առևտրային գաղտնիք է: Մեր թղթակիցը, սակայն, հանգստյան օրերին շրջել է սուպերմարկետների ցանցերով և արձանագրել, որ գնորդները նախորդ օրերի համեմատ շատ քիչ են եղել: Փոխարենն այդ ընթացքում առևտուրը ծաղկում էր հատկապես միրգ-բանջարեղենի և մսամթերքի փոքր և միջին խանութներում»: