Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակ առ ժամանակ քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հարևան երկրի նախագահի սիրված թեման նորից արծարծվել է: «Ի՞նչ է արել 22 տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը: Միթե դրա երեք համանախագահ պետությունները նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամները չե՞ն: Ինչո՞ւ նրանք մինչ օրս չեն կարողանում լուծել այս խնդիրը»,- անդրադառնալով ղարաբաղյակ հակամարտությանն ասել է Էրդողանը: Նա նշել է, որ տեղի կունենա այն, ինչ կասի ՄԱԿ ԱԽ հինգ անդամներից մեկը. «Կկարողանա՞ն նրանք կարգավորել սիրիական կամ իրաքյան ճգնաժամը: Կկարողանա՞ն նրանք կարգավորել ադրբեջանա-հայկական հարցը: Չեն կարողանա: Որովհետև եթե ՄԱԿ ԱԽ հինգ անդամներից մեկն ասի «ոչ», ապաև որոշում էլ չի լինի»,- հավելել է նա: