Փետրվարի 7-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Հորադիզից դեպի հյուսիս։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը VERELQ-ի հետ զրույցում, անդրադառնալով այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտելով պայմանավորվածությունը՝ ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր նշեց, որ դրա պատճառը հայտնի է՝ ԵԱՀԿ առաքելությունը չպետք է արձանագրի, թե ինչպես է Ադրբեջանը ինտենսիվ սպառազինում առաջնագիծը: «Պարզ է, որ եթե նույնիսկ այս մասշտաբի պայմանավորվածություններն են խախտվում՝ այս փուլում նույնիսկ խոսք չի կարող լինել շփման գծում հետաքննությունների մեխանիզմների ներդրման մասին: Եթե նույնիսկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմը համալրվի, մեկ է՝ այս պայմաններում դա էլ խնդիր չի լուծի»,- ընդգծեց նա: