Հովհաննես Սահակյանից շանտաժի միջոցով ցանկացել են 100 հազար դոլար գումար շորթել
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանից 2015թ.-ին շորթմամբ գումար ստանալու փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Տիգրան Առաքելյանը պատգամավոր Հովհաննես Սահակյանից շորթմամբ առանձնապես խոշոր չափերով գումար ստանալու նպատակով Հայկ Սարգսյանի եւ քննությամբ չպարզված այն անձանց հետ նախնական համաձայնությամբ 2015թ. հունիս-հուլիսին համացանցային կապի միջոցների օգտագործմամբ, առանց Հովհաննես Սահակյանի համաձայնության, ապօրինաբար հավաքել եւ պահել են վերջինիս վերաբերյալ` անձնական գաղտնիք համարվող արատավորող տեղեկություններ:
Այնուհետեւ այդ տեղեկությունները հրապարակելու սպառնալիքով Հովհաննես Սահակյանից պահանջել են իրենց տալ 100 հազար դոլար, որի չափը, հետագայում սակարկվել է, սակայն Հովհաննես Սահակյանը պահանջված գումարը չի տվել:
Տիգրան Առաքելյանին եւ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի մասով, այն է՝ շորթում խոշոր չափերով, եւ 144-րդ հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը:
Առաքելյանն ու Սարգսյանը ստորագրությամբ ազատ են արձակվել:
Գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: