25.08.2025
Ադրբեջանում պահանջում են Մամեդյարովի հրաժարականը՝ բանակցային գործընթացը տապալելու համար
01.09.2017
Ադրբեջանում պահանջում են Մամեդյարովի հրաժարականը՝ բանակցային գործընթացը տապալելու համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը պահանջում է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հրաժարականը: Նման պահանջի համար հիմք է հանդիսացել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արձագանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարությանը: Նախկին նախարարը իր վերաբերմունքն արտահայտել է Facebook-յան էջում գրառման միջոցով, որը մեջբերում է Minval.az-ը: Հիշեցնենք, Զախարովան հայտարարել էր, որ «Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունները նոր չեն, դրանց մասին մի քանի անգամ նշվել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարություններում»: «Կարդում եմ տարբեր մեկնաբանություններ և չեմ դադարում զարմանալ: Ինչպես թե՝ նոր բան չկա՞:  Միթե վերջին ամիսներին Լավրովի պլանի մասին չէին խոսում իբրև փաստաթղթի, որը նախատեսում է հինգ շրջանների վերադարձ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի միաժամանակյա լուծման հնարավորությամբ, մինչդեռ Հոգլանդի ներկայացրածում այդ շրջանները յոթն են առանց Լաչինի միջանցքի, որից հետո միայն պետք է մեկնարկի ԼՂ վերջնական կարգավիճակը: Ինչու են բոլորը միաբերան պնդում, թե ամերիկյան և լավրովյան մոտեցումներում տարբերություն չկա: Էլ չասած, որ անցած տարի Մեթյու Բրայզան հայտարարեց Ռուսաստանի մոտեցման մասին՝ առաջին փուլում սահմանափակվել երկու շրջանների ազատագրմամբ: Ինչպե՞ս տարբերություն չկա: Մեզ ինչ է, հիմարների տե՞ղ են դրել, որոնք չեն կարող մինչև յոթը հաշվել: Գուցե Մամեդյարովը վերջապես մեզ ասի ճշմարտությունը, թե ի՞նչ առաջարկություններ են դրված բանակցային սեղանին և ինչ է նա քննարկելու Էդվարդ Նալբանդյանի հետ Նյու Յորքում»: Վերջում Զուլֆուգարովը հավելում է, որ ապշած է նրանից, թե որքան է Զախարովայի մեկնաբանությունը համընկնում Նալբանդյանի և Սերժ Սարգսյանի մեկնաբանությունների հետ: «Վերադառնալով Մամեդյարովի լռությանը՝ այս անգամ նրան չի հաջողվի թաքնվել աշխատասենյակում: Ես չեմ բացառում, որ բանակցային գործընթացով մտահոգված քաղաքացիները իրենց սահմանադրական իրավունքների շրջանակում կհավաքվեն ԱԳՆ շենքի մոտ՝ պահանջելով հաշվետվություն կատարված աշխատանքի մասին: Ինչո՞ւ մենք չենք կարող պահանջել Մամեդյարովի հրաժարականը բանակցային գործընթացը տապալելու համար», — հավելել է նա: