26.11.2024
Բակո Սահակյանն այցելել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանագծի որոշ հատվածներ
prev Նախորդ նորություն

Ես չեմ եկել հեղափոխություն անելու. Սամվել Բաբայանը խոսել է Արցախում իր անելիքների մասին

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և նրա հարակից տարածքում գտնվող արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների շիրմաքարերին, որից հետո իրեն դիմավորելու եկած քաղաքացիների առջև հանդես եկել ելույթով:


Ինչպես փոխանցում է ‹‹Արցախպրես››-ը, Բաբայանը նախ անդրադարձել է մեկուսարանից դուրս գալուց հետո Արցախ կատարած ուշացած այցին՝ նշելով, որ դրա համար կային հիմնավոր պատճառներ:


‹‹Ես չեմ եկել հեղափոխություն անելու: Եկել եմ Արցախ նախ և առաջ գիծ քաշելու այն ամենին, ինչ կատարվել է իմ և շրջապատիս դեմ: Այսօր մենք չենք կարող անձնական խնդիրներ լուծելու, իրավիճակը բարդացնելու շռայլություն ունենալ, քանի որ ունենք Ադրբեջանի պես հակառակորդ և լուրջ մարտահրավերներ պաշտպանության ոլորտում: Հանդիպել եմ Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել առաջին հերթին առաջնագծի պաշտպանության, մեր պետության ամրապնդման և անխոցելիության վերաբերյալ հարցեր: Իհարկե, մեր հանդիպման ժամանակ չէի կարող չշոշափել տնտեսական, քաղաքական, ապակենտրոն իշխանություն ունենալու խնդիրները››,- ասել է Ս. Բաբայանը:


Նրա խոսքով՝ ժողովրդի ակտիվ մասնակցությամբ պետք է բարեփոխվի օրենսդրական դաշտը: Իսկ գերակա հանդիսացող պաշտպանության ոլորտը էլ ավելի կատարելագործելու համար Բաբայանը պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի և անհատների հետ, որոնք պատրաստակամություն կհայտնեն աշխատելու:


Լրագրողների հետ ճեպազրույցում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը նշել է, որ առաջիկա օրերին Ստեփանակերտում գրասենյակ կունենա, որը կհամակարգի Ազգային ժողովի պատգամավորներից մեկը: Գրասենյակի ղեկավարի պաշտոնում նա բացառել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի և վերջերս անկախ պատգամավոր դարձած Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունները՝ նշելով, որ այդ մասին հասարակությունը կիմանա շուտով: Նա ընդգծել է, որ ինքը մշտապես ժողովրդի կողքին կլինի և իրեն քաղաքական գործընթացներում չի տեսնում: