Նիկոլ Փաշինյանը Յուրի Օգանեսովին ՀՀ քաղաքացիություն է շնորհել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Օգանեսովին:
Վարչապետը ողջունել է անվանի գիտնականին կառավարությունում և կարևորել նրա պատրաստակամությունն աջակցելու Հայաստանի գիտության զարգացմանը:
«Ձեր հեղինակությունը բարձր է ողջ աշխարհում, իհարկե Ձեր աջակցությունը շատ օգտակար կլինի մեր երկրի ու ժողովրդի համար: Ես անակնկալ ունեմ Ձեզ համար, երեկ ստորագրել եմ Ձեզ ՀՀ քաղաքացիություն շնորհելու մասին միջնորդությունը: Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը դե յուրե Ձեզ նման քաղաքացի է ունենալու, որովհետև համարում եմ, որ դե ֆակտո Դուք վաղուցվանից եք ՀՀ քաղաքացի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հույս հայտնել, որ Յուրի Օգանեսովն այսուհետ ավելի հաճախ կլինի Հայաստանում:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ անվանի գիտնականի բոլոր ծրագրերը հայրենիքում հնարավոր կլինի հաջողությամբ իրականացնել:
Յուրի Օգանեսովը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին իրեն ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար: Նա տեղեկացրել է վարչապետին, որ արդեն իսկ հանդիպել է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և վերջիններիս հետ քննարկել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի գործարկման ընթացքը, ինչպես նաև՝ ֆիզիկոսների ներգրավվածության հնարավորությունն այդ գործընթացում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրերի կյանքի կոչմանը վերաբերող տարբեր հարցեր: