22.12.2024
Սամվել Բաբայանը կալանավորվել է 2 ամսով
25.03.2017
Սամվել Բաբայանը կալանավորվել է 2 ամսով

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով: 235.1 հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այն պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր` Սամվել Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:   Հիշեցնենք, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատարը բերման էր ենթարկվել մարտի 22-ին։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հանդես եկավ հաղորդագրությամբ, որում ասված էր, որ Բաբայանը ձերբակալվել է Հայաստան «Իգլա» տեղափոխելու փաստի առթիվ: