VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լարսի տեւական ծանրաբեռնվածության հետեւանքները ՀՀ քաղաքացիները ճաշակում են սեփական մաշկի վրա: Ռուսաստանի այն քաղաքները, որտեղ հնարավոր էր ավտոբուսով գնալ, այժմ գրեթե անհնար է, քանի որ մարդիկ շաբաթներով մնում են ճանապարհներին՝ առանց սննդի, ջրի, տարրական պայմանների: Հետեւաբար՝ նրանք, ովքեր ամռանը ժամանել են հայրենիք եւ պետք է արդեն մինչեւ օգոստոսի վերջը լինեն ՌԴ-ում, ստիպված նախընտրում են օդանավով մեկնել: Օգտվելով ցամաքային ճանապարհի փակ վիճակից՝ ավիատոմսերի գները 100 տոկոսով, երբեմն ավելի թանկացել են: Եթե նախկինում, օրինակ, Երեւան-Կրասնոդար ուղղությամբ տոմսն արժեր մոտ 100 դոլար, ապա այժմ այն կարելի է ձեռք բերել մոտ 300 դոլարով: Համեմատության համար նշենք, որ Թբիլիսիից Կրասնոդար ավիատոմսը մոտ 120 տոկոսով էժան է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 15-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Ըստ տարածված լուրերի՝ չի բացառվում, որ նրա պաշտոնանկությունը կապված լինի չարաշահումների հետ , սակայն «Ժողովուրդ» օրաթերթին Յոլչյանի ազատման գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես այն, որ Նորայր Յոլչյանը դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին եւ հայտնել, որ ցանկանում է գնալ: Ըստ ՊՆ-ից մեզ հասած լուրերի՝ Դավիթ Տոնոյանը հորդորել է նրան հրաժարական չտալ, քանի որ առաջիկայում լուրջ փոփոխություններ եւ աշխատանքներ են իրականացնելու, սակայն Նորայր Յոլչյանը ասել է, որ ցավում է, բայց այլեւս չի ցանկանում աշխատել, քանի որ հոգնել է: Ավելին ՊՆ ում Նորայր Յոլչյանի ազատումը բավականին ծանր են տարել, քանի որ նա այն պաշտոնյան է եղել, որ հիանալի տիրապետել է թիկունքը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք 2 օր առաջ գրել էինք, որ Պետեկամուտների կոմիտեն հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի եւ խուզարկություն կատարել՝ արդյունքում առգրավելով որոշ փաստաթղթեր եւ անգամ՝ համակարգիչներ։ Տեղեկացել էինք, որ ՀԿԵ-ի հետ կապված ՊԵԿ-ը քրգործ է հարուցել՝ 9,7 մլն դրամի ԱԱՀ չվճարելու մասով, իսկ 16-ի երեկոյան ժամը 22։00-ին մտել է խուզարկության, որը տեւել է մինչեւ հաջորդ օրվա ժամը 8։30-ը, ինչը խիստ վրդովեցրել էր ՀԿԵ ղեկավարությանը, եւ նույն օրը Սերգեյ Վալկոն ընդունելության էր գնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ՝ հավանաբար, բողոքելու։ Թեեւ կողմերը ձգտել էին միջադեպը հարթել, սակայն երեկ մենք տեղեկացանք, որ կրքերը դեռ չեն հանդարտվել։ Ռուսական իշխանությունները ծանր են տարել կատարվածը եւ գրեթե ուլտիմատում են դրել՝ աշխատանքից ազատել ՊԵԿ նախագահին։ Անգամ լուրեր կային, որ Դավիթ Անանյանը դիմում է պատրաստվում գրել, մանավանդ՝ ինքն էլ գոհ չէ իր լիազորությունների շրջանակից։ Սակայն առայժմ գործընթացը սառեցված է՝ հայկական կողմը բանակցում է ռուսականի հետ եւ փորձում «անկորուստ» հարթել տեղի ունեցածը։ Պատահական չէ, որ երեկ Մոսկվայում 2 ակցիա էր նախատեսված՝ ընդդեմ Փաշինյանի, որը, ըստ չար լեզուների, կազմակերպում է Ռուսաստանի հայերի միությունը՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, ով հայտնի է պուտինյան վարչակազմի հետ ունեցած սերտ կապերով։
«Ժողովուրդ» օրաթերթ. «ՀՀ Արարատի մարզի Ավշարի գյուղապետարանը հայտնվել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության թիրախում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունը վերջերս այս գյուղապետարանում մանրակրկիտ ստուգումներ է իրականացրել: Տեղեկացնենք, որ Արմաշի գյուղապետը` Սուրիկ Գրիգորյանը, Արարատի նախկին մարզպետ Արամայիս եւ ներկայիս ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանների եղբայրն է: Ի դեպ, ՀՀԿ-ական Սուրիկ Գրիգորյանը արդեն 18 տարի է, ինչ Արմաշի գյուղապետն է: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել Սուրիկ Գրիգորյանի հետ, սակայն վերջինս տեւական ժամանակ է, ինչ չի պատասխանում հեռախոսազանգերին: Իսկ գյուղապետարանում աշխատանքային ժամերին գրեթե անհնար է նրան «բռնացնել»` կամ «տեղում չէ» կամ էլ` «հենց նոր է դուրս եկել»: Ի վերջո, մեզ հաջողվեց խոսել նրա աշխատակազմի ղեկավար Հովիկ Ղուկասյանի հետ, ով անդրադառնալով գյուղապետարանում իրականացված ստուգումներին` արձագանքեց. «Արդյունքերի վերաբերյալ իրենք կհայտարարեն, մեզ էլ դեռ որեւէ բան չեն ասել: Վերջապես այդ արդյունքների վերաբերյալ պետք է ունենանք չէ՞ որեւէ եզրակացություն: Հիմա սպասում ենք դրան: Եթե խախտումներ արձանագրած լինեին, կասեին»: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին`հնարավո՞ր է գյուղապետարանում ստուգումներ անցկացնելու պատճառը պատգամավոր եւ նախկին մարզպետ եղբայրներն են, աշխատակազմի ղեկավարն ասաց. «Այդ մասին չեմ կարող խոսել»:
«Ժողովուրդ» օրաթերթ. «ՀՀ արդարադատության նախարարությունը փոփոխություն է նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքում, որով առաջարկում է ընտրակաշառք տալու համար վարչական պատասխանատվության փոխարեն սահմանել նաեւ ազատազրկում: Ներկայումս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 44.10-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսված թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալու (խոստանալու) կամ ծառայություններ մատուցելու (խոստանալու) համար: Ներկայացված նախագծերի փաթեթի ընդունմամբ՝ առաջարկվում է քրեականացնել նախատեսված արարքները՝ դրանց համար որպես պատիժ սահմանելով ոչ միայն տուգանքը, այլև ազատազրկումը՝ որոշակի ժամկետով: Փաթեթով առաջարկվում է նաև ընտրողի կողմից դիտավորությամբ քվեարկության գաղտնիության խախտումը դասել քրեական օրենսգքրի հատուկ մասով արգելված արարքների շարքին՝ որպես ոչ ծանր հանցագործություն»: