Խոսել հայ-ռուսական վատ հարաբերությունների մասին ուղղակի ծիծաղելի է. վարչապետ
Ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի մեր գործընկերները Հայաստանում առկա նոր իրավիճակը ամբողջությամբ չեն գնահատել: Բայց այսօր խոսել հայ-ռուսական վատ հարաբերությունների մասին ուղղակի ծիծաղելի է: Այս մասին հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսօր, նշեց վարչապետը, ՀՀԿ ներկայացուցիչներից մեկը, գրեթե արցունքն աչքերին ասում էր, թե ՝ «վախ էս ինչքան վատ եմ հայ-ռուսական հարաբերությունները»:
«Այս ընթացքում երկու անգամ հանդիպում եմ ունեցել Վլադիմիր Պուտինի հետ և երեք անգամ հեռախոսազրույց ունեցել: Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև ի հեճուկս ՀՀԿ-ի ու նրա սատելիտների՝ հայ-ռուսական հարաբերությունները լավն են ու գնալով ավելի են լավանալու»,- ասաց նա ու նշեց, որ բոլոր նրանք, ովքեր բանտի ճանապարհին են, բայց զանգում են Ռուսաստան ու հայտարարում , թե կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում իրականում Ռուսաստանի դեմ պայքար է, թող իզուր ժամանակ չվատնեն, քանի որ «էնտեղ միամիտներ չկան»:
«Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռևերսներ չեն լինելու և մեր նպատակներից մեկը հայ-ռուսական հարաբերությունները խորացնելն ու նոր մակարդակի բարձրացնելն է: Երեք ամիս առաջ դա խոսք եմ տվել և այսօր կարող եմ ասել, որ բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը անցնելուց հետո բոլորդ կիմանաք հայ-ռուսական հումանիտար մի նախաձեռնության մասին, որի նմանը դեռ չի եղել»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով այն վերլուծաբաների կանխատեսումներին, թե ՀՀ-ն գնում է դեպի Արևմուտք, Փաշինյանը հայտարարեց՝ ՀՀ-ն ոչ մի տեղ չի գնում, ՀՀ-ն ամուր կանգնած է իր ոտքերի վրա և հայ-ռուսական ռազմավարական բարեկամությունը խորանալու և զարգանալու է: Զարգանալու են հարաբերությունները նաև ԵՄ հետ: