26.11.2024
«Սասնա ծռեր» խմբի պարագլուխներն ազատ արձակվեցին
prev Նախորդ նորություն

Քաղաքական հաղթանակից հետո թևակոխել ենք տնտեսական հաղթանակների ժամանակաշրջան. Փաշինյան

100 օր առաջ ձեր կամքը հաղթեց և միջազգային հանրությունը մինչ օրս չի հասկանում ինչ եղավ և ինչպես: Ոչ ոք չէր կանխատեսում, որ ՀՀ-ում կարող է տեղի ունենա այսպիսի ժողովրդական զարթոնք: Այս մասին Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բացառիկ և հզոր այն ուժը, որը հնարավոր դարձրեց այդ աննախադեպ իրադարձությունը, հայ ժողովուրդն է»,- հայտարարեց նա՝ անդրադառնալով այն գուշակություններին, թե ո՞ր ուժը կամ ո՞ր պետությունն է հնարավոր դարձրել Հայաստանում թավշյա հեղափոխությունը:

Փաշինյանի խոսքով, Հայաստանում չկա կոալիցիա, չկա կոալիցիոն իշխանություն, չկա խորհրդարանական մեծամասնություն, այլ ՀՀ-ում կա ժողովուրդ և բարձրագույն իշխանությունը պատկանում է ուղիղ ժողովրդին: Հենց սրանում է ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության առանցքային իմաստը:




«Մեր հեղափոխությունը բացառիկ է այն իմաստով, որ դրան չհետևեց տնետսական անկում, այլ հակառակը՝ արձանագրվում է տնտեսական ակտիվություն: Տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը 8.5 տոկոս է և կան բոլոր հիմքերը պնդելու, որ այդ ցուցանիշը շարունակելուն է աճ ապրել: Ամենակարևոր արդյունքը այն է, որ ՀՀ ավելի շատ գալիս են, քան հեռանում են, ինչը արտագաղթի կանխման առաջին և շատ կարևոր փուլը կարելի է համարել»,- ասաց նա ու հրապարակեց պաշտոնական տվյալներ, ըստ որի՝ իր ընտրվելուց մինչ օրս ՀՀ է ժամանել 29 986 մարդով ավելի մարդ, քան մեկնածները: Վերջին երեք ամսում ՀՀ է եկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 34 հազարով ավելի օտարերկրացի, ինչը նշանակում է ներդրումային և զբոսաշրջության հետաքրքրության աճ:

ՀՀ բանկային պորտֆելը 3 ամսվա ընթացքում աճել է շուրջ 99 մլրդ դրամով: Ըստ Փաշինյանի՝ սա լավ ցուցանիշ է, որ վկայում է, թե մեր քաղաքացիները այդքան գումար են վերցրել ու դրել բիզնեսի մեջ:




Երեք ամսվա ընթացքում հարկային մարմինները 28.8 մլրդ դրամով ավելի գումար են հավաքագրել, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում.

«Այս թվերը նշանակում են, որ ՀՀ-ում հեղափոխության քաղաքական հաղթանակից հետո թևակոխել ենք տնտեսական հաղթանակների ժամանակաշրջան և հավաստիացնում եմ, որ տնտեսությունում մենք իսկական հաջողություններ ենք ունենալու: Մենք ուզում ենք, որ Հայաստանում տնտեսական աճի մոդելը փոխվի, երբ տնտեսական աճը քաղաքացիները առանձնապես չեն զգում: Մենք հին տնտեսական համակարգը, որը բացառող, դուրս մղող համակարգ է, փոխարինելու ենք ներառող համակարգով՝ ՀՀ բոլոր քաղաքացիներն ունենալու են տնտեսական գործունեությամբ զբաղվելու միևնույն հասանելիությունն ու ազատությունները և բոլորը հավասար են լինելու օրենքի և հարկային մարմինների առաջ»,- հայտարարեց նա: Վարչապետը հավաստիացրեց, որ երեք ամսվա ընթացքում հասել են նրան, որ ՀՀ-ում չկա ոչ մի մենաշնորհ՝ ո՛չ շաքարավազի, ո՛չ վառելիքի, ո՛չ բանանի:


Ըստ նրա՝ այսօր տասնյակ միլիոն դոլարներ վերադարձվել են բյուջե, որովհետև ամենագլխավոր պայքարը այս ընթացքում մղվել է կոռուպցիայի դեմ: Այսօր, ասաց նա, ավելի բարձր են հնչում տեսակետներ, թե ՀՀ դատավորների զգալի մասը սպասարկել է երկար տարիներ իշխանության կոռուպցիոն համակարգը կամ եղել են դրա մաս: Եվ այս իմաստով անվստահությունը դատական մարմինների նկատմամբ շարունակում է շատ խորը մնալ.


«Սա շատ նուրբ թեմա է և չպետք է տրվենք դատական համակարգի գործերին միջամտելու գայթակղությանը: Ես ասել եմ, որ հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից, բայց մյուս կողմից շատ հստակ ուզում եմ ընդգծել, որ սա չի նշանակում, թե որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից: Եվ ասում եմ երկու կողմին էլ՝ խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ»,-շեշտեց նա:




Ապաև անդրադարձավ քաղաքական նորություններին: Ըստ Փաշինյանի՝ առաջիկայում պետք է ուժեղացվի հանրաքվեի ինստիտուտը, որպեսզի ժողովուրդը իր որոշումը կայացնի հանրաքվեներով: Առաջարկեց նաև մտածել արդարադատության անցումային մարմիններ ստեղծելու մասին, որը, ըստ Փաշինյանի, անհրաժեշտ է Հայաստանին: 

Ու քանի որ ձայնը պարբերաբար կտրվում էր բղավելուց, վարչապետը նաև կատակեց, թե «ձենս սովորել ա վարչապետի փափուկ կյանքին՝ չի դիմանում»: