ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության ևս մեկ դեպք
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ:
Մասնավորապես, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական
միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի օգոստոսի 13-ին
բացահայտվել է անդրազգային հանցավոր խումբ, որի անդամները փորձել են ԻԻՀ-ից մաքսանենգ
ճանապարհով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց տեղափոխել Վրաստան՝ Հայաստանն
օգտագործելով որպես տարանցիկ երկիր:
ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական
միջոցառումների արդյունքում ստացված տվյալներով պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության
քաղաքացի Մ. Ի.-ին ԻԻՀ-ում ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով շուրջ 8 կիլոգրամ հերոին
տեսակի թմրամիջոց, ապա, շրջանցելով հայ-իրանական անցակետը, ապօրինի մուտք է գործել ՀՀ տարածք:
Գտնվելով ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո, Մ. Ի-ին թմրամիջոցների փաթեթները
փոխադրել է Երևան քաղաքի ուղղությամբ, որի մատույցներում և բռնվել է վերջիններիս կողմից:
Շարունակելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումները ԱԱԾ աշխատակիցներին
հաջողվել է պարզել նաև թմրամիջոցների պատվիրատու հանդիսացող երկու անձանց՝ ՀՀ քաղաքացի Ն. Խ-
ին և Վրաստանի քաղաքացի Ջ. Կ-ին, ովքեր բացահայտվել ու բռնվել են օպերատիվ հսկողության ներքո
թմրամիջոցը իրենց փոխանցելու պահին:
Վերջիններս պատրաստվում էին թմրամիջոցը տեղափոխել Վրաստան և իրացնել: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում Մ.Ի-ն, Ն. Խ-ն և Ջ. Կ-ն ձերբակալվել են:
Նախաքննությունը շարունակվում է: