24.12.2024
Լավրով-Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն ավարտվեց
28.04.2017
Լավրով-Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն ավարտվեց

Քիչ առաջ Մոսկվայում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016թ. ապրիլին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երախտագիտություն հայտնեցին Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարին՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն աջակցելուն ուղղված շարունակական ջանքերի համար: Նախարարները պայմանավորվեցին շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ: Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախարարների եռակողմ հանդիպումից հետո նրանց միացան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դեսպանները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Կայացավ մտքերի փոխանակում՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ: