Սիրիայում քրդական զորամիավորումների հարցի շուրջ պահպանվում են թուրք-ամերիկյան հակասությունները: Ամերիկյան դրոշներով ռազմական ավտոմեքենաները տեղաշարժվում են թուրք-սիրիական սահմանի երկայնքով: Սակայն սոցիալական ցանցերում տարածվում են քրդական զորամիավորումների դրոշներով ամերիկյան ռազմական ավտոմեքենաների նկարները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ կխոսի Թրամփի հետ Սիրիայի քրդական զորամիավորումների դրոշը պատկերող նկարների մասին: «Մենք այդ նկարները ցույց կտանք նախագահ Թրամփին մայիսի 16-ի մեր հանդիպման ժամանակ»,- հայտարարել է նախագահ Էրդողանը: ԱՄՆ-ը թուրք-սիրիական սահմանին է տեղակայել նոր զորախմբեր՝ թուրք-քրդական բախումները կանխելու համար, հայտնում է amerikayidzayn.com-ը: ԱՄՆ-ը աջակցում է Սիրիայում քրդական ստորաբաժանումներին, սակայն ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիան նրանց անվանում է ահաբեկիչներ: «Քանի որ որպես դաշնակիցներ, մենք դեմ ենք միջազգային ահաբեկչությանը, մենք ցույց կտանք այս նկարները նրանց՝ պարզաբանման համար: Եթե ահաբեկչության դեմ պայքարը չընթանա միասնական հիմքի վրա, ապա այն, ինչ տեղի է ունենում մեզ հետ, տեղի կունենա վաղը ուրիշների հետ ևս»,- ասել է նախագահ Էրդողանը: Ամերիկյան զորամիավորումները հայտնվել են թուրք-սիրիական սահմանին այն բանից հետո, երբ Թուրքիան ռմբակոծեց քրդական զորամիավորումները Սիրիայում: Քրդերը բողոքի ձայն բարձրացրեցին՝ ասելով, որ դրա արդյունքում զոհվեցին խաղաղ ազգաբնակիչներ: Սակայն Թուրքիայի նախագահը սպառնացել է կրկին ռմբակոծել քրդական զորամիավորումները Իրաքում և Սիրիայում: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական բանակն Իրաքում եւ Սիրիայում կարող է հարձակվել քրդական ռազմականացված խմբավորումների վրա: «Մենք ստիպված ենք լինելու շարունակել (հարձակումները): Մենք չենք հայտնի ժամն ու ամսաթիվը, թե երբ կգանք: Սակայն նրանք պետք է իմանան, որ թուրքական բանակը կարող է գալ», - ասել է Էրդողանը՝ հավելելով, որ քրդական ռազմական միավորումներին ԱՄՆ-ի տրամադրած աջակցությանը «պետք է վերջ դնել»: