Փաշինյանի և Ալիևի հանդիպումը նվազեցրել է Լեռնային Ղարաբաղում լարվածությունը. Լեբեդև
ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Դուշանբեում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում, նվազեցրել է լարվածությունը Լեռնային Ղարաբաղում:
«Ես ինքս ականատես էի, թե քանի անգամ են Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը մոտեցել միմյանց և քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Արդյունքներն ակնհայտ են, այժմ հակամարտության տարածաշրջանում լարվածությունը զգալիորեն նվազել է», - ասել է Ս.Լեբեդևը լրագրողներին, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Մենք հուսով ենք, որ երկու երկրների ղեկավարների միջև այս ընդգրկուն շփումը կշարունակվի և դրական արդյունքներ կտա հակամարտության կարգավորման համար», - ասել է Լեբեդևը:
Հիշեցնենք, Դուշանբեից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվել են, որ երկրների պաշտպանության նախարարություններին հանձնարարություն կտան կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում եւ ընդհանրապես առկա լարումն իջեցնելու վերաբերյալ: