ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը` Աբդուլազիզ Ֆաղիի գլխավորությամբ։ Քննարկվել են բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերին և հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են մասնավորապես ենթակայանների վերակառուցման ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքին և ֆինանսավորմանը վերաբերող հարցերին։ Արձանագրվել է, որ ենթակայանների վերակառուցումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի համար՝ կապված տարածաշրջանային ծրագրերի իրականացման հետ։ Առանց դրանց արդիականացման անհնարին կլինի սպասարկել առաջիկա տարիներին ակնկալվող հոսքերը։«Իրան-Հայաստան բարձրավոլտ գծի գործարկումից հետո էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը կավելանա երեք անգամ։ Այդ համատեքսում «Երևանի ՋԷԿ-ի» ենթակայանի կառուցումն ունի ռազմավարական նշանակություն։ Այն սպասարկելու է նաև Երևանի ՋԷԿ-ի կառուցվող երկրորդ էներգաբլոկը», -ընդգծել է Աշոտ Մանուկյանը։Անդրադառնալով Համաշխարհային բանկի օժանդակությամբ իրականացվող էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրին՝ առաքելության անդամ Արթուր Կոչնակյանն իր գոհունակությունն է հայտնել դրա ընթացքի և արձանագրվող արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ նախատեսված բոլոր ցուցանիշները լիարժեք կատարվում են։Զրուցակիցները քննարկել են նաև արևային էներգետիկայի ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Խոսվել է մասնավորապես «Մասրիկ-1» կայանի կառուցման ծրագրի, դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ ակնկալվող քայլերի մասին։ Առանձնապես կարևորվել է արևային էներգիայի կուտակիչ մարտկոցների կիրառման անհրաժեշտությունը և դրանց կառուցման գործում բանկի հնարավոր աջակցությունը։