Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը հնարավորություն ունի իր ձեռքի տակ եղած ռազմական ճնշման միջոցներն ամենօրյա ռեժիմով կիրառել, թեկուզ դիպուկահարներին գործի դնելու միջոցով, այսինքն` կարողանում է իր քաղաքական պահանջները նաև գործնական կոնկրետ քայլերի միջոցով կյանքի կոչելու փորձեր կատարել, մինչդեռ հայկական կողմերը որևէ ինքնուրույն արդյունավետ լծակ չունեն ստիպելու Ադրբեջանին ճանաչելու Արցախի անկախությունը: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը: Նրա խոսքով, պաշտոնական Երևանը «Մադրիդյան սկզբունքներին» հավանություն տալով ինքն իրեն ու արցախյան իշխանություններին մի այնպիսի իրավիճակի մեջ է դրել, երբ Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարված նպատակին հասնելու համար հայկական կողմերը կարող են միայն թախանձագին խնդրանքներով դիմել միջազգային հանրությանը, որպեզի վերջինս սանձի ադրբեջանական կողմի «ապակառուցողական» ագրեսիվ գործողությունները: Այսինքն, հայ բանակցողներն իրենք իրենց համակարգային ռազմա-քաղաքական կաթվածի վիճակի մեջ են գցել, իսկ արդյունքում հակառակորդի թիրախ են դարձրել մեր զինվորներին ճակատային գծում: «Իրավիճակը հնարավոր է փոխել և պաշտոնական Բաքվին միանգամայն այլ քաղաքական ու ռազմական պահվածք պարտադրել, ընդ որում բացառապես որոշ կոնկրետ իրավա-քաղաքական քայլեր պարունակող համալիր ծրագրի գործարկման միջոցով»,- համոզված է Մելիքյանը: Արցախի ՊՆ-ն այսօր հանդես եկավ հաղորդագրությամբ, որում նշվում է, որ Մարտակերտի և Մարտունու պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետներից արձակել է 23 արկ: Արկակոծության արդյունքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել: Իսկ հոկտեմբերի 22-ին ԱՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական զինուժի կողմից կիրառված ՍՊԱՅԿ հրթիռի արձակման պահի եւ դրա թողած հետքի տեսագրությունը: