Կինը սպանել է ամուսնուն. վերջինս հայտնի քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդին էր
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու կնոջ կողմից ամուսնու սպանության դեպքի հանգամանքները: 2017 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 00:50-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի 33-ամյա բնակչի դիակը:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ 33-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքն ստացել է տանը՝ կնոջ հետ վիճաբանության ժամանակ: Ըստ նախնական տվյալների՝ մայիսի 25-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, ամուսնու հետ առաջացած վիճաբանության ժամանակ Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին «Մակարով» տեսակի ատրճանակով կրակոցներ է արձակել ամուսնու ուղղությամբ ու սպանել նրան:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում 32-ամյա կինը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը: Նույն օրը վերջինս ձերբակալվել է:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, կատարվել են առգրավումներ, վերցվել համապատասխան փորձանմուշներ:
Համաձայն Shamshyan/com կայքի, սպանվածը Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն «Ճաճոյի» Էդոյի որդի Տիգրան Մարտիրոսյանն էր: Իսկ Մարտիրոսյանների ընտանիքը Վանաձորում հայտնի է զանազան քրեական միջադեպերին առնչվող պատմություններով:
Մասնավորապես, 2000 թվականին Վանաձորում սպանդի էր ենթարկվել մի ամբողջ ընտանիք: 2000 թվականի հունվարի 28-ին անհայտ անձինք գիշերով ներխուժել էին Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ Սերգեյ Կախյանի տուն և հրազենի գործադրմամբ՝ գլուխներին արձակված կրակոցներով սպանել էին և՛ նրան, և՛ տանը գտնվող ընտանիքի մյուս 6 անդամներին: Ոճրագործները չէին խնայել անգամ նորածին երեխաներին: Հրազենից սպանվել էին 46-ամյա Սերյոժա Կախյանը, մայրը՝ 75-ամյա Մալուկ Կախյանը, կինը՝ 46-ամյա Անահիտ Ներսիսյանը, դուստրը՝ 25-ամյա Արևիկ Կախյանը, վերջինիս նորածին որդին, հարսը՝ 21-ամյա Կարինե Հարությունյանը և վերջինիս նորածին դուստրը: Սպանդից ողջ էին մնացել Սերյոժա Կախյանի որդին՝ Արմեն Կախյանը և մեծ դուստրը՝ Ալվարդը:
Ինքը՝ «Ճաճոյի Էդոն» սպանվել էր 2004 թվականին: Նրա հետ այդ ժամանակ սպանվեցին ավագ որդին՝ Հովհաննես Մարտիրոսյանը և Ռուբեն Խաչատրյանը:
Սրանից հետո միայն պատահականությամբ ողջ մնացած Արմեն Կախյանը` կասկածվելով սպանության մեջ, կալանավորվեց, սակայն 2 ամիս անց ազատ արձակվեց: