Իրանի օդային տարածքով Բուլղարիայի վարչապետի օդանավի թռիչքի արգելքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Միջադեպը, որի արդյունքում Բուլղարիայի կառավարական օդանավը ստիպված է եղել լքել Իրանի օդային տարածքը, տեղի է ունեցել անձնակազմի անդամների կողմից տվյալների փոխանցման սխալի պատճառով։ Դրա հետեւանքով օդանավը հնարավոր չի եղել ճանաչել, ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։«Թույլտվության բացակայության մասին հարցը ոչ մի դեպքում չի համապատասխանում իրականությանը, քանի որ Թեհրանում Բուլղարիայի դեսպանատան պաշտոնական դիմումից հետո հարգարժան վարչապետի օդանավի թռիչքի համար թույլտվություն է տրվել»,– հայտնել է Ղասեմին Telegram ալիքում։Նրա խոսքով՝ միջադեպի պատճառը անձնակազմի անդամների կողմից թռիչքի տվյալները եւ թույլտվության մասին տեղեկությունը սխալ է փոխանցվել, ինչի կապակցությամբ օդանավը հնարավոր չի եղել ճանաչել։Ղասեմին ափսոսանք է հայտնել միջադեպի կապակցությամբ եւ հավելել, որ Իրանի օդային տարածքը միշտ բաց է բարեկամական երկրների օդանավերի համար։