VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը «երեք սենյակների» դավադրությունը զսպելու մեծ խնդրի առջեւ է կանգնել (վկա` օրերս 4,5 ժամ տեւած նրա ասուլիսը)։ Այս դեպքում խոսքը սեփական թիմում օր օրի նոր թափ հավաքող անջատողական շարժումների մասին է։ Մի կողմից փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «գորշ կարդինալին» բնորոշ խաղեր է տալիս, սեփական թիմը հավաքում, մյուս կողմում էլ ավելի հզոր միավորում է ստեղծում։ Մեր տեղեկություններով, ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը (պարոն Վանեցյան, ազնիվ պիոներական, հավատացնում ենք՝ բացարձակ նպատակ չունենք Ձեր անունն օգտագործելով, սեփական, իմա՝ «Իրատեսի» ռեյտինգը բարձրացնել. հավատացեք, նման խնդիր մենք պարզապես չունենք) քաղաքականություն մտնելու հավակնություններ ունի, եւ այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում։ Նրա գործընկերը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է։ ԱԱԾ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ, անգամ նախնական սցենար կա. եթե այս զույգին հաջողվի Նիկոլ Փաշինյանին տապալել եւ առաջին պլանում հայտնվել, Վանեցյանը կլինի վարչապետ, Ալեն Սիմոնյանը` ԱԺ նախագահ։ Սակայն ԱԱԾ ղեկավարի մասնագիտական ունակությունները հաշվի առնելով, միանշանակ կարելի է պնդել՝ նա այս ծրագիրն իրագործելու է շատ հաշվարկված, առանց շտապողականության ու անաղմուկ»:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, մի շարք պաշտոնյաների աշխատանքից լուրջ դժգոհություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հատկապես զայրացած է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վրա: Վերջինս պաշտոնավարման ողջ ընթացքում աչքի է ընկել միայն «կոկորդիլոս», «հեկտար», «մորքուրի հարս» թեմաներով: Արդյունքում, ըստ կառավարության մեր աղբյուրների, վարչապետի համբերության բաժակը լցվել է. Փաշինյանը Սարգսյանին ու էլի մի քանի պաշտոնյաների զգուշացրել է, որ ինչքան էլ իր հետ քայլած լինեն, այսպես շարունակվել այլեւս չի կարող, այն է՝ նման կերպ աշխատելու պարագայում ներում չի լինելու»:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը վերջին մի քանի ամիսներին առավել աչքի ընկավ կադրային քաղաքականությամբ եւ պետական համակարգում գործող նախկին դերակատարներից աստիճանաբար ազատվելու տակտիկայով: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա «թիրախը» գլխավոր դատախազությունն է: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, առաջիկա ամսվա ընթացքում իր պաշտոնին հրաժեշտ կտա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ըստ տեղեկությունների, վարչապետն արդեն աչքի տակ ունի իր թեկնածուն. դա Գեւորգ Կոստանյանն է, ով նախ՝ ունի այդ պաշտոնում աշխատելու փորձ եւ իր վերջին շրջանի դիրքավորմամբ ամբողջովին համապատասխանում է նոր կառավարության չափորոշիչներին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր մոսկովյան աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահը հաստափոր թղթապանակ է փոխանցել Կրեմլին, որտեղ ընդգրկված են բոլոր այն հակառուսական եւ հակապուտինյան միջոցառումները, հայտարարությունները, որոնց մասնակցել է եւ արել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջին տարիներին՝ մինչեւ ԱԽՔ դառնալը: Սրանով ադրբեջանական իշխանությունը ոչ միայն փորձում է ապացուցել, որ Գրիգորյանը երդվյալ հակառուս է եղել եւ հիմա անգամ եթե նման հայտարարություններ չի անում, երբեք ռուսների իրական «բարեկամը» չի կարող դառնալ, այլեւ փորձում է ՀՀ իշխանությունների հանդեպ կասկած սերմանել, որ եթե Արմեն Գրիգորյանին այս ընթացքում չեն հեռացրել պաշտոնից, ուրեմն ողջ ՀՀ իշխանությունն է հակառուսական գծի մեջ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում ԱԺ-ում կարող է հայտնվել նախաձեռնություն, որի նպատակը արեւային էներգետիկայի զարգացման հեռանկարի ապահովումն է: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ռուսական գազային լոբբինգի շահերը ապահովելու նպատակով ՀՀ-ում թաղեց վերականգնվող էներգետիկայի զարգացման ապագան՝ արեւային էլեկտրակայաններից էներգիայի գնման սակագին սահմանելով 23 դրամը: Համեմատության համար՝ Ուկրաինայում գործում է Կանաչ սակագին, ըստ որի՝ բնակչության արտադրած եւ ցանցին մատակարարած էլեկտրաէներգիան այդ երկրի բաշխիչ ցանցերը գնում են 13.04 եվրոցենտով՝ մոտ 73 դրամ: Սրա նպատակը երկրի էներգետիկ անվտանգության եւ անկախության մեծացումն է, մինչդեռ Հայաստանում ամեն ինչ արվել է Ռուսաստանից գազային կախվածությունը հավերժացնելու համար: Եթե Հայաստանում եւս արեւային կայանների արտադրած էլեկտրաէներգիայի համար սահմանվի ընդունելի սակագին, ապա հնարավոր կլինի շատ կարճ ժամանակահատվածում նվազեցնել կախվածությունը ռուսական գազից ու դրա շուրջ բիզնես անող օլիգարխիայից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Արցախի ՊԲ-ում մոտ օրերս նոր լայնամասշտաբ փոփոխություններ են սպասվում բարձրաստիճան զինվորականների շրջանում։ Մասնավորապես, թոշակի կուղարկեն լեգենդար Օգանովսկուն՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սամվել Կարապետյանին, ում պաշտոնանկության մասին խոսում էին ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի փոփոխությունից հետո։ Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Օգանովսկու պաշտոնանկությունը պաշտոնապես բացատրում են առողջական խնդիրներով։ Նույն պատճառով պաշտոնին հրաժեշտ կտա նախարարի մեկ այլ տեղակալ եւս՝ Գարիկ Սաֆարյանը, ով անցած տարի տեւական բուժման կուրսեր է անցել։ Իսկ տեղակալներից երրորդը՝ Վարդան Բալայանը, կանցնի զինվորական թոշակի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, փոփոխությունները սրանով չեն ավարտվելու, եւ գուցե հաջորդ ալիքը բարձրանա»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացվող ստուգումների արդյունքում բացահայտվում են ապօրինությունների աննախադեպ փաստեր: Մասնավորապես՝ հարյուրավոր եւ հազարավոր ընտանիքներ կեղծված փաստաթղթերով հաշվառված են եղել որպես սոցիալապես անապահով եւ ստացել են նպաստ: Ըստ մեր աղբյուրի՝ իշխանությունները չգիտեն ինչպես վարվել կեղծարարների հետ, քանի որ եթե գնան քրեական գործեր հարուցելու ճանապարհով, ապա պետք է լուծարեն ծառայությունը եւ բոլոր աշխատակիցներին ուղարկեն կալանավայրեր»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը այս օրերին զբաղված է չափազանց կարեւոր գործով. նա ստուգում է մարզի տարածքում գործող գազալցակայանների զուգարանների սանիտարահիգիենիկ պայմանները: Կարեւորն այն է, որ մարզպետը դա անում է անձամբ՝ այդ գործը չվստահելով որեւէ մեկին: Նոր իշխանությունը Հայաստանի տնտեսական զարգացման հիմքը տեսնում է բարեկարգ հանրային օգտագործման զուգարանների ցանցի առկայության մեջ, միայն թե պետությունը հարկ չի համարում ինքը գումար ծախսել դրա վրա՝ ստիպելով, որ դա անի մասնավորը, բայց պետական ամենապատկառելի հսկողության տակ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ ուշագրավ դեպք պատմեցին՝ մարզպետներից մեկի հետ կապված։ Նա «Վիտամին» խանութից առևտուր է անելիս եղել, վաճառողը, հավանաբար, չճանաչելով, ՀԴՄ կտրոն չի խփել, և մարզպետն աղմուկ է բարձրացրել՝ զանգել է մարզի հարկային՝ պահանջել գալ և տուգանել կարգազանց բիզնեսմենին։ Այս աղմուկի վրա հայտնվել է խանութի տերը և, տեղեկանալով, թե ինչից է մարզպետը վրդովվել, հարցրել է․ «Մարզպետ ջան, համաձայն եմ՝ խախտում ենք արել, բայց որ մի քանի ամիս առաջ կնոջս ատամները սարքեցիր, ու դրա դիմաց 1 միլիոն դրամ տվեցի, ինչի՞ ՀԴՄ կտրոն չտվեցիր»։ «Մեր մարզին մարզպետ չի գալիս»,- հոգոց հանեց մեր լոռեցի զրուցակիցը»:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի ուսումնասիրություններն ուշագրավ արդյունքներ են ի հայտ բերել ոստիկանության բացահայտումների առումով: Մասնավորաբար, պարզվում է, որ միայն 2019 թ. փետրվարի սկզբից մինչեւ մարտի 21-ն ընկած ժամանակահատվածը ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել եւ լուսաբանվել է յուրացումների եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 17 դեպք: Սա աննախադեպ ցուցանիշ է: Ուշագրավ է, որ դրանց մեջ զգալի տեղ են զբաղեցնում ՏԻՄ մարմիններում կամ դպրոցներում չարաշահման դեպքերը: Սակայն ամենախոշոր բացահայտումներից մեկը վերաբերում է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերին», որի տնօրինության կողմից չարաշահումներ եւ յուրացումներ կատարելու վերաբերյալ կառավարությանը հասցեագրված դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հափշտակվել է 47 միլիոն դրամի՝ 24 կմ հաղորդալար: Չարաշահումներ են բացահայտվել Մարմաշեն, Օձուն, Մուսալեռ, Ուշի, Ջիլ, Շամլուղ համայնքների ղեկավարների եւ այլ պաշտոնատար անձնաց գործողություններում, Գյումրու շախմատի դպրոցում (մոտ 8 մլն դրամ), Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում», Գյումրու քաղաքապետարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցում» (23 մլն դրամ), Շիրակի մարզի Ձորաշենի միջնակարգ դպրոցում (16 մլն դրամ) եւ այլն: Այս ժամանակաընթացքում բացահայտվածների շարքում են նաեւ ԵՊՀ-ում կատարված ապօրինությունները (27 մլն դրամ)»:
«Իրատես» թերթը գրում է. «Մինչ կխոսենք այն մասին, թե ինչպես Փաշինյանի շաբաթօրյակային «Օվերտոնի պատուհանը» փակվեց Մեղրու զորամասում տեղի ունեցող զարգացումներով, նկատառենք` Փաշինյան-Ալիեւ հանդիպման նախապատրաստումը շատ երկար տեւեց: Պատճառն անորոշությունն է: Զրո հեռանկարով հանդիպում ԵԱՀԿ ՄԽ-ն չի ցանկանում. կողմերի, հատկապես հայկական կողմի մոտեցումները տեղ չեն թողնում ավելին ակնկալելու: Ընդ որում, հայաստանյան կողմին չերեւացող խաղարկումով օժանդակում է Ռուսաստանը` ընդդեմ ԱՄՆ-ի, որը շատ է շտապում Ղարաբաղյան հարցում: ՈՒ հենց այդ փութանքի արդյունքներից մեկն էլ, թերեւս, Մեղրու գնդում տեղի ունեցածն էր: Հիշեցնենք` գնդի հարյուր (որոշ տվյալներով` մի քանի հարյուր) զինվորներ ընդվզել են սպայական կազմի դեմ, չեն ենթարկվել սպայի հրամանին, լքել են զորամասը: Հիշենք` սա Մեղրին է, այն Մեղրին, որը, ըստ Պոլ Գոբլի հավերժական ծրագրի, պետք է փոխանակվի Լաչինի հետ, որպեսզի Թուրքիան (Նախիջեւանը) ու Ադրբեջանն անմիջական կապ ունենան: Բայց այս մեգա-ծրագիրն ամենեւին Թուրքիայի «սիրուն աչքերի» համար չէ, այլ ԱՄՆ-ի տարածաշրջանային «տիրապետման», Իրանը հսկողության տակ պահելու: Այո, իզուր չէր պարոն Բոլթոնը եկել Հայաստան եւ հիշեցնում Նիկոլ Փաշինյանին ոչ միայն հեղափոխությունն «ինչպես անելու», «ուժեղ» մանդատի, այլեւ Իրանի շուրջ իրենց ստեղծելիք աղեղի ու պատժամիջոցների մասին:
Պնդում ենք` Մեղրու գնդում տեղի ունեցածն ազդանշան էր ում որ պետք է` ինչ որ պետք է անելու համար: Հաջորդ զուգահեռն անցկացնենք. Մեղրու գնդի զարգացումներին գրեթե համընթաց ասպարեզ մտավ ոչ անհայտ Վահան Շիրխանյանը (սա առանձին, երկար խոսակցության թեմա է. բավարարվենք առայժմ մեկ բաղադրիչով) եւ «հիշեցրեց»` Քոչարյանը «համաձայնել» էր Մեղրին «տալուն» Լաչինի փոխարեն: Այո, սա եւս ուրույն «Օվերտոնի պատուհան» էր. թվում էր` Շիրխանյանի ասածները հիմնականում Հոկտեմբերի 27-ին են վերաբերում, սակայն, 25-րդ կադրի սկզբունքով, այս միտքն էր նախ եւ առաջ շրջանառվում: «Շրջանառման» գերնպատակը, մինչ բուն զարգացումներ, բանակը նշանառության տակ պահելն է, դեռ նախորդ տարվա ապրիլյան հանրահավաքների օրերին գումարտակներից մեկը նույն տեխնոլոգրիայով ոտքի հանելն ու միտինգավոր դարձնելը, հեղափոխությունը հաղթանակի «տանելը» Վազգենի հիշատակի խաթարմամբ, նույն բանակի քայքայմամբ, բարոյալքմամբ: Իսկ սա մեկ նպատակ է հետապնդում, ինչի մասին բազմիցս ենք ասել. «մենթալ պլանի» փոփոխումից հետո ցանկացած խնդրի լուծում զուտ տեխնիկայի հարց է»: