Վենեսուելան կրկին ԱՄՆ-ին մեղադրել է երկրի էներգահամակարգի վրա հարձակման մեջ
Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը երկրի էներգամատակարարման համակարգում նոր վթարի պատասխանատվությունը դրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, սենատոր Մարկ Ռուբիոյի եւ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի վրա:
Կարակասի ոստիկանությունում աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ նոր մասշտաբային բլեքաութի հետեւանքով, որը տեղի է ունեցել երկուշաբթի տեղական ժամանակով մոտ 13:30-ին, Վենեսուելայի 23 նահանգհց ոչ պակաս 16-ը, ինչպես նաեւ մայրաքաղաքային շրջանը ամբողջությամբ կամ մասնակի հոսանքազրկվել են: Ավելի ուշ երկրի կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել էր երկրի գրեթե ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման մասին:
«Եվ ով հայտնվեց առաջինը մեկնաբանություններով՝ Մարկ Ռուբիոն, Ջոն Բոլթոնը: Սա կատարվում է Վենեսուելայի դեմ Մայք Պոմպեոյի սպառնալիքների շրջանակում: Աղետաբեր եռյակն է կանգնած մեր ժողովրդի վրա այս հարձակման ծրագրի գլխին»,- AVN գործակալությունը մեջբերել է Ռոդրիգեսի հայտարարությունը:
Նրա խոսքով՝ երկուշաբթի դաձյալ տեղի է ունեցել սաբոտաժ եւ էլեկտրական համակարգի վրա հարձակում: «Հարձակման է ենթարկվել «Գուրի» ՀԷԿ-ի գծերից մեկը, նույն ժամանակ էլեկտրամագնիսական միջոցներով հարձակման են ենթարկվել գծերը, որոնք էլեկտրականությունը կենտրոնից բաշխում են երկրի արեւմուտք»,- նշել է Վենեսուելայի փոխնախագահը: