Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչները ռազմական իմաստով պարտվել են: Նա այս մասին նշել է New York Times-ի համար գրած իր հոդվածում: Թուրք առաջնորդի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ ժամանակին է հայտարարել զորքերի դուրսբերման մասին, սակայն դա պետք է «մանրակրկիտ ծրագրվի եւ Միացյալ Նահանգների շահերի պաշտպանության համար ճիշտ գործընկերների հետ իրականացվի»: Էրդողանը նշել է, որ 2016 թվականին Թուրքիան Սիրիայում առաջինն է ցամաքային զորքեր տեղակայել ԻՊ-ի դեմ պայքարելու համար: «Ռազմական իմաստով, այսպես կոչված, «Իսլամական պետությունը» պարտվել է: Այդուհանդերձ, մենք խորապես մտահոգված ենք, որ որոշ արտաքին ուժեր կարող են կազմակերպության մնացորդները որպես առիթ օգտագործել երկրի ներքին գործերին միջամտելու համար»,- շեշտել է Թուրքիայի նախագահը: Նա հայտարարել է, որ Անկարան «համընդգրկուն ռազմավարություն» է կիրառում արմատականացման պատճառներն արմատախիլ անելու համար: