Եվրամիության խորհուրդը պատժամիջոցների ցանկում է ներառել ռուսական 6 ընկերության: Այդ ընկերությունները մասնակցել են Ղրիմի կամրջի կառուցման աշխատանքներին։ Համապատասխան որոշումը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ղրիմի և Սևաստոպոլի անօրինական բռնակցումը չճանաչելու միջոցների շրջանակում ԵՄ խորհուրդը Կերչի կամրջի կառուցումը գնահատում է որպես Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը խախտող գործողություն»,- ասված է փաստաթղթում: Պատժամիջոցները ենթադրում են ԵՄ-ում այդ կազմակերպություններին պատկանող ակտիվների սառեցում, ինչպես նաև Եվրամիությունում գրանցված ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նրանց որևէ միջոցներ տրամադրելու արգելք: ԵՄ-ի պատժամիջոցների ցանկում ներառված կազմակերպությունների ընդհանուր թիվն այսպիսով հասել է 44-ի: