ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո երկրի նոր ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարեց երկրում տնտեսական հեղափոխության իրականացման մասին:
Տնտեսական հեղափոխության իրականացման համար, սակայն, անհրաժեշտ է ունենալ, նախ, տնտեսական զարգացման հստակ տեսլական՝ թվերով, ներդրումներով, նոր ձեռնարկությունների ստեղծման ծրագրերով, ներդրումային պայմանավորվածությունների տեսքով, ինչը չկա:
ՀՀ կառավարության ծրագիրն իրենից ներկայացնում է ուղղակի ցանկությունների շարք, առանց հստակ ռազմավարության և պատասխանների, ինչպես պետք է հասնել տնտեսական հեղափոխության: Հեղափոխությունն արդեն իսկ ենթադրում է կարդինալ փոփոխություններ տնտեսական բոլոր ճյուղերում և տնտեսական մոդելի փոփոխություն:
ՀՀ-ում տարիներ շարունակ, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ստեղծվել էր մենաշնորհային, օլիգոպոլ տնտեսական մոդել՝ արտահանման և ներկրման հստակ քվոտաներով իշխանական էլիտայի տարբեր ճյուղերի միջև: Արդեն մեկ տարուց ավելի է անցել թավշյա հեղափոխությունից, տնտեսությունն աստիճանաբար սկսել է դեմոնոպոլիզացվել՝ տարբեր ապրանքներ արդեն կարող են ներկրել բոլոր ցանկացողները: Սակայն այդ դրական փոփոխությունը ոչ մի կերպ չի անդրադառնում ՀՀ-ի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի վրա և բյուջեն շարունակում է մնալ հիմնականում սոցիալական ուղղվածության:
Հայաստանի բյուջեի մեծ մասը ուղղվում է սոցիալական պարտավորությունների՝ թոշակների, աշխատավարձերի վճարմանն ու ուժայինների վրա՝ ոստիկանություն և հատկապես բանակ: Չմոռանանք 7 միլիարդ դոլարի հասնող արտաքին պարտքի մասին, որը ՀՀ տնտեսական աճը խոչընդոտող հիմնական գործոններից է: Այդ ահռելի պարտքը արգելակում է ցանկացած տնտեսական ակտիվացում՝ պետությունը ստիպված է լինելու հարյուր միլիոնավոր դոլարներ հատկացնել բյուջեից արտաքին պարտքի սպասարկման համար, հակառակ պարագայում երկրին դեֆոլտ է սպառնում:
ՀՀ-ն ունի ծանր ժողովրդագրական պատկեր՝ մեծ թվով կենսաթոշակի տարիքի մարդիկ և արտագաղթող աշխատունակ բնակչություն. ՀՀ-ն ՄԱԿ-ի տվյալներով համարվում է ծերացող բնակչությամբ երկիր: Այսպիսի դեմոգրաֆիկ դեմքով անհնար է իրականացնել տնտեսական հեղափոխություն՝ դա ուղղակի պոպուլիզմ է:
ՀՀ-ում աղքատությունը բավականին բարձր է, բնակչության գնողունակությունը ցածր և այս պարագայում տնտեսական լուրջ և արագ փոփոխությունների մասին խոսելն ուղղակի պոպուլիստական հայտարարությունն են, որոնց տակ չկա հստակ տնտեսական հաշվարկ, մոդել և տնտեսագետների փորձագիտական կարծիք:
ՀՀ-ն ունի փոքր շուկա՝ տնտեսական հիմնական ներուժը կենտրոնացված է հանքաարդյունաբերության վրա, գյուղատնտեսությունը զարգանում է, սակայն անգամ չի կարողանում ապահովել ՀՀ-ի ինքնաբավությունն առաջին անհրաժեշտության ապրանքներով: ՀՀ-ն ունի մեծ կախվածություն մի շարք ապրանքների ներկրումից: Տնտեսական հիմնական հզորությունները կենտրոնացված են մայրաքաղաք Երևանում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ներքին միգրացիայի՝ մարզերից դեպի մայրաքաղաք:
Այսպիսի պատկերն արագ շտկելն անհնար է այն պայմաններում, երբ հրապարակներից և տարբեր ցույցերից Փաշինյանի կողմից հնչեցված բազմամիլիոնանոց ներդրումներն այդպես էլ չեն գալիս երկիր և նկատվում է հակառակ պրոցեսը՝ կապիտալի արտահոսքի տեսքով:
Նախկին իշխանությունների և նրանց հետ սերտորեն կապված բիզնես շրջանակների նկատմամբ քրեական գործերը հանգեցնում են կապիտալի փախուստ ՀՀ-ից, ինչպես նաև գումարների արտահոսք դեպի օֆշորային գոտիներ:
ՀՀ կառավարությունը տնտեսական հեղափոխության մասին խոսելիս պետք է խոսի միայն թվերի լեզվով՝ միջնաժամկետ հեռանկարում՝ 1-2 տարվա կտրվածքով քանի՞ միլիոն դոլար ներդրում է արվելու, ո՞ր ոլորտներ, ինչքա՞ն աշխատատեղեր են ստեղծվելու և այլն:
Առանց հստակ թվերի ու թղթի վրա ամրագրված ներդրումային ծրագրերի տնտեսական հեղափոխության մասին խոսքերն արդեն իսկ ընդդիմադիր ԶԼՄ-ներում և սոցցանցերում վերածվում են Փաշինյանի և նրա կառավարության թրոլինգի, ինչն էլ ազդում է նրա վարկանիշի վրա, որն արագ անկում է արձանագրում վերջին ամիսներին: