VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը Աբովյանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած սակավամարդ երթը եւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գործադրած ոչ համարժեք ջանքերը ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 9-ի ընտրություններում հաղթելու ոչ մի հնարավորություն չունի: ՔՊ-ի թեկնածու Գրիգոր Գուլյանը այնքան թույլ է, որ ոչ մի համեմատության չի դիմանում գործող քաղաքապետի հետ: Ընտրողները համարում են, որ ավելի լավ է մնա գործող քաղաքապետը, քան ՀՀԿ-ական իշխանությունից ՔՊ-ին ժառանգության կարգով անցած Գուլյանը: Բացի այդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ամեն ինչ անելու է՝ ցույց տալու համար, որ իր հեղինակությունը Աբովյանում ավելի մեծ է, քան Նիկոլ Փաշինյանինը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցյալում ֆուտբոլային դատավորները միայն սև համազգեստով էին։ Մի անգամ «Հրազդան» մարզադաշտում, երբ դատավորն «Արարատի» դարպասին 11 մետրանոց նշանակեց, մի երկրպագու կանգնեց հասակով մեկ և իբրև ամենակոպիտ հայհոյանք՝ գոռաց․ «Սև շորով մաաարդ»։ Երեկ մեր կառավարությունը գրեթե նույնն արեց բոլոր սևազգեստ, ասել է թե՝ օրինախախտ, սեփական քաղաքացիների հանդեպ։ Սովորաբար սևազգեստ է նաև կառավարությունը։ Արդյո՞ք ուղերձը վերաբերում է նաև կառավարության անդամներին»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը չեն մասնակցում խմբակցության նիստերին։ Ասում են՝ խմբակցության ոչ կառուցողական քննարկումներն ազդում են նրանց նյարդերի վրա։ «Ո՞վ ասաց՝ չեն մասնակցում»,- մեր հարցին հարցով պատասխանեց Հակոբ Սիմիդյանը։ Մե՛նք ենք տեսնում։ «Դուք սխալ եք տեսնում»,- վստահաբար պնդեց նա։ Ի դեպ, իշխող խմբակցությունում արմատավորված ավանդույթները նույնպես ազդում են որոշ պատգամավորների վրա, մասնավորապես՝ ամենամսյա դրամահավաքությունը․ ամեն ամիս յուրաքանչյուր պատգամավոր 5000 դրամ է մուծում խմբակցության ֆոնդին՝ տեղ գնալու, հաշիվ փակելու համար նախատեսվող ծախս անելու համար։ Պատգամավոր Վահագն Հովակիմյանը զարմացավ․ «Ի՞նչ վատ բան կա դրա մեջ։ Մենք օլիգարխներ չունենք, որ հովանավորեն, ինքներս ենք հոգում ծախսերը»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն դեմ է լինելու վեթինգի ցանկացած ձեւի եւ դրսեւորման: ԲՀԿ-ի պահվածքը դատավորներին հնարավորություն է տալու օգտվել համախոհության բացակայությունից եւ չենթարկվել վեթինգի: Եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրահանգով ԲՀԿ-ն դեմ արտահայտվի վեթինգին, ապա դա առիթ կտա իշխանությանը ռեպրեսիաների նոր ալիք սկսել Ծառուկյանի եւ նրա բիզնեսների դեմ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը որոշել է, որ իր օգնականը չի զիջում պատգամավորներին, եւ արդեն որերորդ դեպքն է՝ պատգամավորի փոխարեն օգնականին է արտերկիր գործուղում։ Ամիսներ առաջ մենք գրել էինք, որ այս օգնականը նույն հանձնաժողովի անդամ Հրաչ Հակոբյանի հետ Դուշանբե է մեկնել։ Պատգամավորը խոստովանել էր, որ ինքն է այդպես «կարեւորել»։ Մայիսի 25-30-ը նույն օգնականը Նարեկ Զեյնալյանի, ինչպես նաեւ պատգամավորներ Լուսինե Բադալյանի եւ Հրաչյա Հակոբյանի հետ գործուղվել է Չինաստան՝ Միջազգային բժշկական նորարարությունների եւ համագործակցության ֆորումի աշխատանքներին մասնակցելու։ Մենք պարզեցինք, որ հրավերը եղել է չորս հոգու հաշվարկով, ծախսերն էլ ամբողջությամբ հոգացել է հայկական կողմը։ Բայց նույնիսկ նախկին իշխանության ժամանակ նման պրակտիկա չի եղել՝ գործուղումներին պատգամավորների օգնականներ չեն մեկնել, մասնակցել են կա՛մ պատգամավորները, կա՛մ փորձագետներն ու աշխատակազմի ներկայացուցիչները։ Բայց սա դեռ ամենը չէ․ երես առնելով, որ իր կարգավիճակը «շեֆի» ձեռամբ հավասարեցվել է պատգամավորին, օգնականը վերադառնալուց հետո հանձնաժողովի փորձագետների մոտ տեսարան է ցուցադրել։ Նա նեղվել է, որ պատգամավորներն ԱԺ ղեկավարությունից ստացել են օրապահիկ՝ մոտավորապես 200 հազարական դրամի չափով, բայց իր անունը չի եղել այդ ցանկում։ Երբ աղմուկը տարածվել է, Նարեկ Զեյնալյանը սաստել է օգնականին՝ բացատրելով, որ նա անգամ գործուղվելու իրավունք չուներ, ուր մնաց օրապահիկ ստանար»:
«Իրատես» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարությունում նախարարի հետագա պաշտոնավարման շուրջ քննարկումները չեն դադարում։ Նախարարության ստորաբաժանումներում արդեն գրեթե հարմարվել են այն մտքի հետ, որ ներկա նախարար Ատոմ Ջանջուղազյանն այլեւս չի պաշտոնավարելու։ Այս նախարարից դժգոհությունները համակարգում շատ են, ինչպես նախարարության աշխատակիցներն են ասում՝ Ջանջուղազյանը հասցրեց ավերել ամբողջ աշխատող համակարգը։ Շատ փորձառու մասնագետներ դիմումներ են գրում, հեռանում աշխատանքից, քանի որ նյարդերն այլեւս չեն դիմանում։ Նախարարությունում խոսակցություններ են շրջանառվում, որ ապագա նախարարի պաշտոնը զբաղեցնելու է գործող փոխնախարար Կարեն Բրուտյանը, սակայն ֆիննախի աշխատակիցներն այնքան էլ հիացած չեն այս հեռանկարով, քանի որ վերջինս առանձնապես աչքի չի ընկնում ենթակաների հետ բարյացակամ վերաբերմունքով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական 22 հոգանոց պատվիրակությունը, 8 օր Արևմտյան Հայաստանով շրջելուց հետո, վերադառնում է։ Թուրքական անցակետը բարեհաջող և անարգել անցնելով՝ երեկ նրանք հայտնվել են վրաց սահմանապահների ձեռքում։ Ոչ միայն անձնական իրերն են բացել, այլև Ռոլանդ Շառոյանին ստիպել են անգիր թվարկել իր ճնշման դեղահաբերը։ Իսկ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին առհասարակ թույլ չեն տվել մտնել Վրաստան։ Ասել են՝ նրա մուտքն արգելված է՝ «հակավրացական» պահվածքի համար։ Չնայած ակադեմիկոսն ընդամենը մեկ շաբաթ առաջ է եղել Վրաստանում։ Խմբի անդամները կապվել են Վրաստանում ՀՀ դեսպանի և ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ։ 2 ժամ հետո թույլ են տվել անցնել, բայց արգելելով հյուրընկալվել Ջավախքում բարեկամների տանը։ Հիշեցնենք, Մելքոնյանը ծնունդով Ջավախքից է։ Նրան, փաստորեն, սև ցուցակում են ընդգրկել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. Օրաթերթի տեղեկություններով՝ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու համար հիմք է հանդիսացել նախկին աշխատակիցներից մեկի կոնկրետ ցուցմունքը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գ. Պետրոսյանի դեմ ցուցմունք է տվել ներքին զորքերի ենթասպաներից մեկը՝ պատմելով, որ հենց նրա արձակած կրակոցից է մահացել Զաքար Հովհաննիսյանը: Նշենք, որ երեկ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել եւ միջնորդություն էր ներկայացվել դատարան խափանման միջոց ընտրել կալանավորումը: Նշենք, որ ՀՔԾ-ն 2008 թ. մարտի 1-ի դրությամբ Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զ. Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատավորներին վեթթինգի ենթարկելու մասին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում ակտիվ քննարկումներ են սկսվել:
«Ժողովուրդ» թերը գրում է. Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` շուրջ 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող, ինչպես նաեւ մեկ տարի անց թոշակի մեկնող դատավորները քննարկել են, թե որքանո՞վ է արդարացի իրենց վեթինգի ենթարկելը: Ավելին` կարծիք են հայտնել, թե տարիներ շարունակ աշխատելով դատական համակարգում` արդա՞ր է, արդյոք, նոր քննություն անցնելը: Դատավորներից շատերը, որոնք շուրջ 10 տարվա եւ ավելի աշխատանքային փորձ ունեն, ներքին քննարկումների ժամանակ հայտնել են, որ պատրաստ են դիմում գրել, գնալ, բայց պետք է իրենց խոստանան, որ թոշակ կստանան, իսկ եթե թոշակ չեն տալու, ապա ինչո՞ւ պետք է ազատման դիմում գրեն եւ հեռանան: Թոշակի գնացող դատավորների թվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Ես մեկնում եմ թոշակի, բայց ես մեկնում եմ, ոչ թե գնում եմ այնպես, որ ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ, այլ հակառակը` ես շատ մտահոգված եմ գնում, մտահոգված իմ ընկերների համար»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, արդարադատության նախարարությունը պայքար է սկսել քրեական ենթամշակույթի դեմ: Կալանավայրերում «զոն նայողի» ինստիտուտի վերացման խնդիր է դրված: Քրեակատարողական համակարգին մոտ աղբյուրը հայտնեց մեզ, որ վերջերս բոլոր կալանավայրերից «զոն նայողներին» հավաքել եւ տեղափոխել են ԱԱԾ շենքում գտնվող «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: «Ուզում են տեսնել՝ գաղութները կարո՞ղ են նրանց ազդեցությունից զերծ պահել, թե՞ ոչ»,- բացատրում է մեր աղբյուրը: Այս օպերացիայի շրջանակներում քրեական աշխարհի մի քանի հեղինակություններ արդեն ԱԱԾ «պադվալում» են»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խոշոր գործարարներից ով զբաղված է շինանյութերի արտադրությամբ և վաճառքով, երեկ մեզ բողոքեց, որ շինանյութի վաճառքի ծավալները անցած տարվա համեմատ կրկնակի նվազել են: «Իմ վճարած հարկերից էլ է դա երևում, և ինձ թվում էր, որ կհետաքրքրվեն, կհարցնեն, թե որն է պատճառը, գուցե ես եմ հարկերը թաքցնում: Բայց բոլորի մոտ է այդպես, սա համատարած բնույթ է կրում, բոլորը գիտեն, որ տնտեսությունը խայտառակ վիճակում է, բայց ոչ մի բան չի արվում վիճակը փոխելու համար, ընդհակառակը՝ գնալով ավելի է վատանում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի նոր իշխանությունը կարծես թե որոշել է վերացնել սեփականության իրավունքը: Երեկ Արագած գյուղի բնակիչները երեք «ԿամԱԶ»-ներով և տրակտորով բարձրացել են Արագած լեռը, որպեսզի քանդեն Գեղարոտ գետի վրա դեռևս 2007թ. կառուցված Գեղարոտ1, Գեղարոտ2 և Արագած ՀԷԿ-երը: Գյուղացիները պնդում են, որ ՀԷԿ-երը աղտոտում են իրենց ջուրը և ՀԷԿ-երի կողմից օգտագործված ջուրն այլևս պիտանի չէ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար: Ո՛չ դատական ակտ, ո՛չ փոխհատուցում, այլ ինքնադատաստան. գյուղացիները որոշել են, որ ՀԷԿ-երը պետք է քանդել, գնացել են, որ քանդեն: Ինչ-որ բան երեկ են արել, մնացածը կանեն այսօր: Ըստ որոշ տեղեկությունների՝ քանդողների բրիգադի հետևում կանգնած է Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը, «Գնթունիք» սուպերմարկետի սեփականատերը: Տեսնես՝ ինչպես նա կվարվի, եթե ինչ-որ բրիգադ էլ որոշի, որ պետք է քանդել նրա սուպերմարկետը»: