Մեզ համար չկա ընտրություն՝ Արևելք կամ Արևմուտք. վարչապետ
Մեզ համար չկա ընտրություն՝ Արևելք կամ Արևմուտք: Մենք ԵԱՏՄ անդամ ենք և ունենք համաձայնագիր ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության վերաբերյալ: Ռուսաստանը դեմ չէ ԵՄ-ի հետ մեր համագործակցությանը, և ԵՄ-ն դեմ չէ ԵԱՏՄ-ին մեր անդամակցությանը: Այս մասին Կոմերսանտին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պատասխանելով հարցազրուցավարի այն հարցին, թե համարո՞ւմ է, արդյոք, Վրաստանի հետ 2008 թ-ի հակամարտությունը, Ուկրաինայի արևելքում 2014 թ-ի հակամարտությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև մրցակցության արդյունք, Փաշինյանը նշել է.
«Ես չէի ցանկանա մեկնաբանել Վրաստանում և Ուկրաինայում տիրող իրավիճակը: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել և շատ կցանկանայի, որ մեր թանկագին բոլոր ռուսաստանցիներն արձանագրեն այս փաստը. 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցան փոփոխություններ: Տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն: Ինչո՞ւ այն ոչ բռնի եղավ: Կա հիմնական պատճառ: Որովհետև չկար որևէ օտար ուժ, որը ներգրավված լիներ այս գործընթացում: Չկար ոչ մի աշխարհաքաղաքական ենթատեքստ:
Անձամբ ես և իմ թիմը թույլ չենք տվել, որպեսզի որևէ արտաքին գործոն խառնվի մեր ներքին գործընթացին: Այդ իսկ պատճառով մենք հաջողության ենք հասել: Եվ մենք ասացինք, որ արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու: Դրանք մեզ մոտ չկան և չեն լինի: Ես ասել եմ, որ մեր հեղափոխության մեջ չկա աշխարհաքաղաքական ենթատեքստ: Սա հարյուր տոկոսանոց ճշմարտություն է և ոչ ոք չի կարող հակառակն ապացուցել, որովհետև հակառակը պարզապես գոյություն չունի»,- ասել է նա:
Նա նաև հաստատել է տեղեկությունը, որ 2020 թվականի սկզբին առաջին պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան: Փաշինյանը մանրամասնել է, որ Երեւանում Վլադիմիր Պուտինի հետ փոխանակվել են հրավերներով. «Մենք պայմանավորվեցինք, որ նախ ես պաշտոնական այցով կգամ, հետո նա կգա»,- ասել է Հայաստանի վարչապետը՝ հստակ ժամկետ չնշելով.
«Միգուցե տարվա առաջին կեսին ես գամ, երկրորդ կեսին` Վլադիմիր Պուտինը»,- հավելել է նա: