24.11.2024
ՊԵԿ-ը տնտեսվարողներին հորդորում է սեղմ ժամկետներում ձեռք բերել սահմանված ՀԴՄ-ները
prev Նախորդ նորություն

Գորիսում արցախցիների կացարանների ջեռուցման համակարգը նորոգվել է. «Հայաստան» հիմնադրամ

Պատերազմից հետո Արցախից տեղահանված բազմաթիվ ընտանիքներ ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանի մի շարք քաղաքներում և գյուղերում: Արդյունքում Գորիս և Տեղ համայնքների նախակրթարանները վերածվեցին ժամանակավոր կացարանների՝ տարբեր ժամանակահատվածներում ընդհանուր առմամբ հյուրընկալելով շուրջ 2000 արցախցու: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:


«Սակայն Գորիսի թիվ 3 և թիվ 7 նախակրթարանները կարիք ունեին կենցաղային պայմանների բարելավման: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ, «Կանանց զարգացման Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի մեկնարկած «Ջերմիկ անկյուն» նախագծի շրջանակում, Գորիսի երկու նախակրթարաններում ամբողջությամբ նորոգվել է ջեռուցման կենտրոնական համակարգը՝ ջերմության և տաք ջրի ապահովման համար, և տրամադրվել են շուրջ 100 ծալվող մահճակալներ՝ գիշերակացի խնդիրը լուծելու նպատակով:


Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոյլյանը նշում է.


«Պատերազմական իրավիճակով պայմանավորված բազմաթիվ արցախցիներ ապաստանել են նաև մեր համայնքում և հիմնականում նախադպրոցական հաստատություններում: Մենք փորձեցինք Գորիսի երկու ամենախոշոր նախակրթարանները հնարավորինս ապահովել անհրաժեշտ հարմարություններով: Բայց հրատապ էր շուրջօրյա ջեռուցման կազմակերպումը և մեծահասակների համար մահճակալներ տրամադրելը, քանի որ նախակրթարանների գույքը երեխաների համար է հարմարեցված: «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ լուծեցինք այս կարևոր խնդիրները»:


Ընդհանուր առմամբ ջեռուցվել է շուրջ 1220քմ մակերես, տեղադրվել են հզոր կաթսաներ, ջեռուցման սարքեր: Նաև մոնտաժվել է գազամատակարարման խողովակաշարը, ապամոնտաժվել են ջեռուցվող հատվածում տեղադրված մետաղական ջեռուցման համակարգը, իրականցվել են բոլոր բացվածքների ու ծածկերի քանդված հատվածների վերականգման աշխատանքներ: Ձեռք բերված 100 ծալվող մահճակալները բաշխվել են Գորիսի և հարակից բնակավայրերի թվով 7 նախակրթարանում ապաստանած ընտանիքներին:


«Կանանց զարգացման Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանն էլ ասում է, որ բացի կեցության խնդիրը, փորձել են լուծել նաև զբաղվածության հարցը.


«Ծրագիրը երկարաժամկետ բնույթ ունի, քանի որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ կարողացանք լուծել ոչ միայն այս պահին նախակրթարաններում բնակվող արցախցիների խնդիրները. բարեկեցիկ պայմաններով այժմ ապահովված են նաև Արցախի և մեր համայնքի փոքրիկները, քանի որ հաստատություններն ունեին բարելավման կարիք: Կանանց զբաղվածությամբ ապահովելու համար էլ նրանք դասընթացավարի օգնությամբ հրուշակեղեն պատրաստել են սովորում: Արդեն շուրջ 3 ամիս է արցախցի կանանց պատրաստած խմորեղենը տրամադրվում է Գորիսի տարբեր նախակրթարաններին»:


«Այստեղ մեզ շատ լավ են ընդունել: Կարճ ժամանակում լուծվեց նաև ջեռուցման հարցը: Հիմա արդեն հրուշակեղեն պատրասատել ենք սովորում, ինչը հետագայում մեզ կօգնի ապահովված լինել աշխատանքով»,– ասում է Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայքնի բնակիչ Արեգնազ Գրիգորյանը, ով իր հինգ երեխաների հետ այժմ ապրում է այս նախակրթարանում»,- ասված է հաղորդագրության մեջ: