Մենք շարունակում ենք ընդլայնել հիվանդանոցային մահճակալային ֆոնդը հատուկ ինտենսիվ թերապիայի գծով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով, առաջիկա մեկ ամսվա ընթացքում կունենանք ևս 100 ինտենսիվ թերապիայի մահճակալ՝ 50-ը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, 50-ն էլ՝ «Էրեբունի» ԲԿ-ում: «Այս պահին էլ բազմաթիվ ԲԿ-ներ ներգրավված են այդ գործընթացում, գրեթե բոլոր վերակենդանացման բաժանմունքներում առանձնացված են հատվածներ կորոնավիրուսով պացիենտների համար»,- նշեց նախարարը: Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին ունենք 316 ծանր, 53՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի, իսկ թոքերի արհեստական սարքերին միացված է 17 քաղաքացի: