Կգործադրենք բոլոր ջանքերը, որ ՀՀ-ում հնարավորինս մեծ թվով մարդիկ պատվաստվեն. Թորոսյան
ՀՀ կառավարությունը խոստանում է գործադրել հնարավոր բոլոր ջանքերը, որ Հայաստանում հնարավորինս շատ մարդ պատվաստվի կորոնավիրուսի դեմ: Այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ «Առերեսվելով համաշխարհային վախին. մեկ տարի անց» խորագրով առցանց քննարկմանը:
Թորոսյանը նախ խոսեց համավարակի սկզբից առկա անորոշությունների մասին: «Բայց սա նաև հնարավորություն է, քանի որ մենք այս անորոշությունից բավականին մեծ դասեր ենք քաղում: Օրինակ, ֆանտաստիկ կարճ ժամանակահատվածում հնարավոր դարձավ ստեղծել պատվաստանյութ»,-ասաց նա ու հավելեց, որ միշտ պատվաստումների կողմնակից է եղել, հայտնում է Արմենպրեսը:
Թորոսյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը և աշխարհի բոլոր կառավարությունները վերջին տարվա ընթացքում աշխատել են շատ լարված ու զգոն: «Չենք կարծում, որ մենք շատ շուտով կվերադառնանք նորմալ իրավիճակի, բայց մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որ դա լինի հնարավորինս շուտ: Որպես ամենակարևոր գործիք, որը հնարավորություն կտա մեր կյանքը վերադարձնել բնականոն վիճակին, առաջին հերթին պատվաստումն է, Հայաստանի համար դա առաջնահերթ է»,-վստահեցրեց նա:
Թորոսյանն իրեն բախտավոր համարեց, որ Հայաստանում առաջին անձն է, որը պատվաստվել է՝ վստահեցնելով, որ այն միանգամայն անվտանգ ու կյանք փրկող միջամտություն է: « Եվ ես նաև Առողջապահության նախարարության հետ համատեղ գործադրելու եմ բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանում ունենանք հնարավորինս մեծ թվով պատվաստված անձինք ՝ հաշվի առնելով հակավակցինացիոն շարժումը, նյութատեխնիկական խնդիրները, լոգիստիկ հարցերը և այլն»,-նշեց նա:
Հայաստանը մի քանի օր առաջ Covax հարթակի միջոցով ստացել է Vaxzevria ( նախկին AstraZeneca) պատվաստանյութի խմբաքանակ: Դրանից առաջ բուժաշխատողների շրջանում իրականացվում էր պատվաստում՝ Ռուսաստանի նվիրած Sputnik V պատվաստանյութով: