Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը չի լքել երկիրը եւ ներկայումս գտնվում է երկրի մայրաքաղաք Նուր Սուլթանում: Համապատասխան հայտարարությունը հունվարի 8-ին իր Twitter-ում հրապարակել է պետության նախկին ղեկավարի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը, հաղորդում է EADaily-ն: «Ելբասին գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում։ Խնդրում ենք նախապես կեղծ և սպեկուլյատիվ տեղեկատվություն չտարածել։ Ելբասին մի շարք խորհրդատվական հանդիպումներ է անցկացնում եւ անմիջական կապի մեջ է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի հետ», - գրում է խոսնակը։ Նրա խոսքով՝ «ազգի առաջնորդը» մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել Ղազախստանի բարեկամ պետությունների ղեկավարների հետ: Նա նաեւ կոչ է արել ղազախներին համախմբվել գործող իշխանության եւ նախագահ Տոկաեւի շուրջ: «Ելբասին կոչ է անում բոլորին համախմբվել Ղազախստանի նախագահի շուրջ՝ ընթացիկ մարտահրավերները հաղթահարելու եւ մեր երկրի ամբողջականությունն ապահովելու համար», — հայտարարել է Ուկիբայը: Հիշեցնենք, որ Նազարբաեւը Ղազախստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է գրեթե 30 տարի եւ լքել է 2019 թվականի մարտին: Դրանից հետո նա դարձել է Ղազախստանի անվտանգության խորհրդի ցմահ ղեկավար եւ իշխող «Նուր Օթան» կուսակցության նախագահ, իսկ նրա պատվին Հանրապետության մայրաքաղաք Աստանան են վերանվանել. այն ստացել է Նուր Սուլթան անվանումը: Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ին։ Հանրահավաքների մասնակիցները դեմ են հանդես եկել հեղուկ գազի թանկացմանը։ Շուտով բողոքի ակցիաներն ընդգրկեցին ամբողջ երկիրը և քաղաքական բնույթ ստացան, բայց հետո վերածվեցին անկարգությունների, ուժայինների հետ բախումների և թալանի։ Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը դիմել էր ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարներին՝ խնդրելով աջակցել երկրում ահաբեկչական սպառնալիքի հաղթահարմանը: Հունվարի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը բանակցություններ է վարել Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդիի հետ: Մինչդեռ Ղազախստանն ու նրա բնակիչները ենթարկվում են ահաբեկիչների հարձակումներին, Բլինկենը սկսել է ճամարտակել «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու մասին՝ ի պատասխան Ռուսաստանի ագրեսիայի»։