Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը փաստաբանական խմբի միջոցով տարածել է հայտարարություն՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հայտարարությանը.
«Տեղեկացա, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ մեկնաբանելով «Պաշտպանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, խոսել է այն մասին, որ պաշտպանության նախարարը պետք է պարտադիր Նիկոլ Փաշինյանի թիմակիցը լինի և բառացի ասել է. «էս պատերազմի ժամանակ, որ մենք տանուլ տվեցինք, հիմնական խնդիրներից մեկն այդ էր, որ իր թիմից չէին, որ կազմակերպված ձևով, մենք գիտենք ինչ ձևով փախուստներ կազմակերպեցին»:
Այս առիթով մի քանի շեշտադրում կանեմ.
1. Այն փաստը, որ Գագիկ Մելքոնյանը նախկինում բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել ՊՆ-ում, ամենևին չի նշանակում, որ նա ունի պաշտպանական ոլորտի կազմակերպման անհրաժեշտ մասնագիտական որակներ պատերազմի արդյունքի մասին եզրակացություններ անելու համար:
2. Հպարտ եմ, որ Կառավարության անդամ լինելով՝ չեմ եղել մի «թիմում», որի անդամներից մեկը Մելքոնյանն է:
3. 2022թ. ապրիլին սպառիչ պատասխան եմ տվել այն հարցին, թե ինչու ինձ «քաղաքական թիմի» անդամ չեմ համարել և ինչով էր պայմանավորված իմ որոշումը՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու մասին:
4. Գագիկ Մելքոնյանի հայտարարությունները միայն հաստատում են իմ կասկածները ԱԺ «Քննիչ հանձնաժողովի» իրական նպատակների մասին:
5. Իմ խորին համոզմամբ, պաշտպանության նախարարը, հանդիսանալով Կառավարության անդամ և քաղաքական պատասխանատվություն ստանձնելով պաշտպանական ոլորտում Կառավարության ծրագրերի իրականացման համար, այնուամենայնիվ, պետք է դուրս լինի «քաղաքական-կուսակցական թիմի» տրամաբանությունից։
Ինչ վերաբերում է Կառավարության կողմից Ազգային ժողով ուղարկված ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, դրա վերաբերյալ իմ մասնագիտական կարծիքը կհայտնեմ հետո մոտ ժամանակներս»։