Եվս մեկ սպասարկման կետ Լարսում. ԵԱՏՄ-ի մեքենաներն արտոնություն կունենան
Վերին Լարսի անցակետում հերթերի խնդրին լուծում տալու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել լրացուցիչ կետ տեղադրել գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որն օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել, որոշակի արտոնություն կլինի ԵԱՏՄ երկրների բեռնատարների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ՝ պատասխանելով ՔՊ-ից Խաչատուր Սուքիասյանի՝ Լարսի անցակետում հերթերի խնդրի վերաբերյալ հարցին:
Գնել Սանոսյանը նկատեց՝ սրված հարց է՝ հաշվի առնելով սեզոնայնությունը, երբ միրգ-բանջարեղենի արտահանման հարց կա: «Խնդիրը բավականին օբյեկտիվ է՝ հաշվի առնելով, որ Սև ծովում նավով շատ բեռների տեղափոխում փոխադրվել է ցամաք, ինչի հետևանքով Լարսում առաջացել է այս խնդիրը: Եվ ակնհայտ է, որ բոլոր գործընկերները բավականին ջանքեր են գործադրում այս իրավիճակից դուրս գալու ուղղությամբ»,-ասաց նախարարը:
Նա ընդգծեց՝ այն հանգամանքը, որ անցակետի թողունակությունը օրական 400 է, բայց սպասարկում է 700 մեքենա, շատ բանի մասին է խոսում:
Օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը և ՊԵԿ-ի պաշտոնյաները եղել են Լարսի անցակետում: Սանոսյանը հայտնեց, որ ռուս և վրացի գործընկերների հետ նրանք բազմաթիվ քննարկումներ են ունեցել՝ վիճակն ավելի բարելավելու ուղղությամբ: «Եվ հետևյալ պայմանավորվածությունն ունենք՝ մոտ ժամանակներս ՌԴ կառավարության համապատասխան որոշմամբ լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որն օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել, որոշակի արտոնություն կլինի ԵԱՏՄ երկրների համար: Արտոնությունը շատ ավելի մեծ է ԵԱՏՄ երկրների համար, մասնավորապես մեզ համար»,-ասաց Սանոսյանը:
Խոսելով այս պահին առկա հերթերից՝ նա ասաց, որ հերթում սպասող մեքենաների քանակը բավականին մեղմվել է: Խնդիր կար նաև ժամանակին Ռուսաստանից Վրաստան անցնելու ուղղությամբ, այս պահին այդ առումով խնդիր չկա, մեկ օր են մեքենաները մնում: Իսկ մյուս ուղղությամբ հայկական մեքենաների քանակը 400-500-ի սահմաններում է: