23.12.2025
Սա ի՞նչ աբսուրդ է. սահմանադրագետը՝ ՊՇՌ թեստերի մասին ՍԴ որոշման վերաբերյալ
24.12.2021
Սա ի՞նչ աբսուրդ է. սահմանադրագետը՝ ՊՇՌ թեստերի մասին ՍԴ որոշման վերաբերյալ

Սահմանադրական դատարանի՝ ՊՇՌ հետազոտությունների իրականացման ծախսը քաղաքացու վրա թողնելու նախարար Անահիտ Ավանեսյանի որոշումը հակասահամանդրական ճանաչելն և դրա շուրջ քննարկումներն աբսուրդ են: Նման կարծիք է հայտնել սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը, որն աշխատում է Դրեզդենի խոշոր փաստաբանական ընկերություններից մեկում, դասավանդում Հագենի համալսարանում: «Եթե «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին» նախադասության միջից «իր հաշվին»-ը ջնջես, կնշանակի, թե ՊՇՌ հետազոտությունն աշխատողն իրականացնում է «ուրիշի հաշվի՞ն»։ Սա ի՞նչ աբսուրդ որոշում է», - տարակուսում է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՍԴ որոշումն ամենևին չի նշանակում, թե մեկ ուրիշը (պետությունը) պիտի վճարի հետազոտության համար։ «Ավելին՝ ՍԴ-ն պետությանը չի էլ պարտավորեցրել նորից կարգավորել այդ հարցը։ Ոչ ԱԺ-ն, ոչ առողջապահության նախարարը պարտավոր չեն հիմա որևէ բան ավելացնել կամ պակասեցնել իրենց որոշումներում։ Ամեն ինչ կարող է հենց էսպես էլ մնալ՝ «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողը»։ Դե ասեք, թե ով պիտի վճարի աշխատողի հետազոտության համար։ ՊՇՌ հետազոտություն իրականացնելու պարտականությունը շարունակում է մնալ։ Որ հիմա աշխատողը գնա ՊՇՌ հետազոտության, հետազոտությունն անողը պահանջելու է իր մատուցած ծառայության գինը։ Ո՞վ պիտի վճարի, եթե ոչ էլի աշխատողը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննիսյանը։ Ի՞նչ է որոշել Սահմանդրական դատարանը Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է իրենց հաշվին պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն: Ըստ որոշման՝ «ՊՇՌ հետազոտությունն աշխատողն իրականացնում է իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերին և 39-րդ հոդվածին՝ նկատի առնելով, որ ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է առողջապահության նախարարի լիազորություններից: ՍԴ որոշումը ուժի մեջ է մտել հրապարակման պահից։ Առողջապահության նախարարության դիրքորոշումը ՀՀ առողջապահության նախարարությունը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի աշխատողի՝ իր հաշվին թեստավորվելու պահանջը հակասահմանադրական ճանաչելու որոշմանը, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ՍԴ-ն հակասահմանդրական է ճանաչել Առողջապահության նախարարի հրամանի բոլոր հավելվածների միայն «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին» ձևակերպումը: «Սակայն պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, և աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում: Սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը` ՊՇՌ թեստավորման պահանջի առումով, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից: Հակասահմանադրական է ճանաչվել միայն նախարարի հրամանի բոլոր հավելվածների հետևյալ ձևակերպումը. «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին»: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում»,-հայտնել են նախարարությունից: