«Զվարթնոց» օդանավակայանում ստորաբաժանումներն աշխատում են շուրջօրյա ռեժիմով. ոստիկանություն
ՀՀ Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ.
"Հուլիսի 5-ին սոցիալական կայքի օգտատերերից մեկը, ապա նաև ԶԼՄ-ներում հրապարակում է արվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գիշերային չվերթերի ժամանումից հետո անձնագրային բաժանմունքում Հայաստան ժամանած օտարերկրացիներին մուտքի վիզա տրամադրելու համար աշխատակիցները տեղում չեն եղել, ինչը պատճառաբանվել է իբրև ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքով:
Հրապարակման կապակցությամբ պարզաբանում ենք՝
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետական սահմանի անցման կետերում ծառայություն իրականացնող բոլոր ստորաբաժանումները, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանի բաժինը, աշխատում են շուրջօրյա ռեժիմով։ Սույն թվականի հուլիսի 4-ի և 5-ի հերթափոխները ծառայությունն իրականացրել և իրականացնում են ամբողջական կազմով, հերթափոխը կատարվել է սահմանված ժամին և ստորաբաժանումներն իրականացնում են օրենքով վերապահված բոլոր գործառույթները՝ անկախ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից։
Կրկին խնդրում ենք լրատվամիջոցներին հրապարակել ստույգ և ճշգրտված տեղեկություններ",- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ շախմատիստուհի Լիլիթ Գալոյանն էր ահազանգել, որ ավելի քան տասնյակ օտարերկրացիների Զվարթնոց օդանավակայանում երկար ժամեր է սպասում են որպեսզի վիզա ստանան Հայաստան մուտք գործելու համար։
"Բայց նրանք դեռ պետք է սպասեն, քանի որ Հայաստանում տոն օր է եւ օդանավակայանի վիզաների վարչությունը չի սկսել իր աշխատանքային օրը, ավելին՝ տոն օրերին պարզվում է չի էլ աշխատում այդ վարչությունը",- գրել էր Գալոյանը։