9.07.2025
Լուսանկարը` Sputnik
16.01.2025
Գործադիրը երկարաձգել է խաղողագործների վարկերի մարման ժամկետները

Հայաստանի կառավարությունը հունվարի 16-ի նիստում որոշում է կայացրել աջակցել խաղողագործներին, ովքեր տուժել են ռուսական ռուբլու արժեզրկումից՝ փոփոխություններ կատարելով գյուղատնտեսական հումքի մթերումների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում։ Ընդունված փոփոխությունների համաձայն՝ 2022 թվականին խաղողի մթերումների նպատակով տրամադրված վարկերի մարման ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 6 ամսով՝ ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ։ Սակայն կարևոր է նշել, որ 2022-ին տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները մնում են անփոփոխ։ Որոշման ընդունումը պայմանավորված է վերջին շրջանում ՌԴ ռուբլու փոխարժեքի անկմամբ, որի հետևանքով տնտեսվարողները զգալի վնասներ են կրել արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները հայկական դրամի փոխանակելիս։ Այս քայլը միտված է թեթևացնելու խաղողագործության ոլորտի մասնակիցների վարկային բեռը։ Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում 2022-ին խաղողի մթերման վարկերը տրամադրվել են տարբեր պայմաններով։ Մինչև սեպտեմբերի 1-ը դրանք տրվել են մինչև 3 տարի մարման ժամկետով՝ մեկ տարի արտոնյալ ժամանակահատվածով և 10 տոկոսային կետի սուբսիդավորմամբ։ Սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը պայմանները բարելավվել են՝ մարման ժամկետը դառնալով 4 տարի, արտոնյալ ժամկետը՝ 2 տարի, իսկ սուբսիդավորումը՝ 11 տոկոսային կետ։