Թբիլիսի-Երևան գնացքում մահճակալի տակի թաքստոցից հայտնաբերվել է 45.5 կգ թաքցված դեղորայք
ՊԵԿ մաքսային աշխատակիցները 45.5 կգ թաքցված դեղորայք են հայտնաբերել Թբիլիսի-Երևան մարդատար գնացքում։
Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
Ըստ տեղեկատվության, օրերս Այրում մաքսային անցման կետ ժամանած Թբիլիսի-Երևան մարդատար գնացքի մաքսային հսկողության ժամանակ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 13 բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության ընթացքում պարզել են, որ գնացքում առկա է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք:
Գերատեսչությունից հայտնել են, որ ուղևորներից Ա.Տ.-ի մահճակալի տակի թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 3 մեծ պայուսակ, որոնց մեջ եղել են 45.5 կգ քաշով տարբեր տեսակի դեղամիջոցներ։
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն: Նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն: