Զինծառայողները կրկին կկարողանան մեկնել արձակուրդ, իսկ ՔԿՀ-ներում կվերականգնվի այցելությունների գործընթացը: Այդ մասին կառավարության հունվարի 20-ի նիստում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը: Նա հիշեցրեց, որ զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում այցելությունների, արձակուրդների հետ կապված գործընթացները դադարեցվել էին անցյալ տարվա աշնանը կորոնավիրուսով պայմանավորված սրացումների հետ կապված: Այս որոշմամբ, նշել է Ավանեսյանը, հնարավորություն ենք ընձեռում, որպեսզի այս ինստիտուտները գործարկվեն՝ պահպանելով հակահամաճարակային ռեժիմի սահմանափակումները, դրանք են՝ ՊՇՌ թեստավորման հնարավորությունը, ամբողջական պատվաստումներ անցնելու հանգամանքը: