Ինչո՞ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն այցելում Արցախ. Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ վերջին անգամ նրանք Արցախում եղել են 2019 թվականի վերջին։ Հետո սկսվեց կորոնավիրուսային համաճարակը, իսկ հետո եղավ 44-օրյա պատերազմը։ Մինչդեռ նախատեսվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի տարբեր ժամկետներ, որոնք բազմիցս հետաձգվել են։ «Բայց դրանք տեխնիկական խոչընդոտներ են։ Ավելի կարևոր է, որ Ադրբեջանը փորձում է կանխել այդ այցը»,- հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բաբայանը։ Նախարարը հիշեցրեց, որ վերջերս Երևանում տեղի է ունեցել Արցախի նախագահի և ռուս նոր համանախագահի հանդիպումը և հույս հայտնեց, որ այցը դեռ կկայանա, մանավանդ որ համանախագահները ևս դա ցանկանում են։ «Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում, վերջերս մենք տեսանք Ալիևի դեմարշը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ։ Բայց չեմ կարծում, որ համանախագահները կենթարկվեն շանտաժին»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Արցախը հնարավորություն ունի իր դիրքորոշումը փոխանցել միջնորդներին։