Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է երկու ամսվա տնային կալանք։ Այս մասին տեղեկացնում են լրատվամիջոցները։ Դատական նիստը սկսվել էր այսօր առավոտյան՝ ժամը 09։00-ին։ Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանի գործով քննվում են երկու առանձին քրեական վարույթներ։ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում մեկ անձի նկատմամբ առաջադրվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթում՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Բացի այդ, նույն վարչությունում նախաձեռնվել է ևս մեկ վարույթ՝ ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն՝ վերջինիս օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով)։ Նշենք, որ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել էր երեկ։