9.03.2026
Լուսանկարը` kommersant.ru
prev Նախորդ նորություն

«Նավթային անձրևը» չի հասնի Հայաստան. կանխատեսում

Լուսանկարը` trtrussian.com
Լուսանկարը` trtrussian.com

Իրանի նավթային ենթակառուցվածքներին հասցված հարվածների հետևանքով առաջացած էկոլոգիական աղետը չի սպառնում Հայաստանին: Օդերևութաբանները հանգստացնում են քաղաքացիներին՝ Թեհրանը պատած թունավոր ծուխն ու վտանգավոր տեղումները քամին կտանի հակառակ ուղղությամբ:


ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տվյալներով՝ առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի Հայաստան օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում։ Մասնագետները պարզաբանում են, որ հարավային ցիկլոնները մեր երկրի տարածք հիմնականում ներթափանցում են Իրաքի շրջաններից, այլ ոչ թե Իրանից։ Առաջիկա տասը օրերի ընթացքում Իրանում նկատվելու է օդային զանգվածների արևմուտք-արևելք կայուն տեղաշարժ, ինչի արդյունքում օդային հոսանքներն Իրանի տարածքից կուղղվեն դեպի Թուրքմենստան։


Եղանակային տեսության նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը պայմանավորված է հարևան երկրում ծավալվող աննախադեպ ռազմական էսկալացիայով: Հիշեցնենք, որ փետրվարի վերջից ԱՄՆ-ն և Իսրայելը լայնամասշտաբ ռազմական գործողություններ են իրականացնում Իրանի դեմ։ Իրավիճակը ծայրահեղ սրվել է վերջին օրերին՝ Թեհրանի մերձակայքում գտնվող խոշոր նավթաբազաներին և վերամշակող համալիրներին հասցված թիրախային հարվածներից հետո։


Վառելիքի պահեստարաններում տեղի ունեցած հզոր պայթյունների հետևանքով Իրանի մայրաքաղաքը ծածկվել է թունավոր սև ծխի հաստ շերտով, որն ամբողջությամբ արգելափակել է արևի լույսը։ Տեղի բնակիչները և միջազգային լրատվամիջոցները ահազանգում են այսպես կոչված «նավթային անձրևի» տեղալու մասին. մուրով և ածխաջրածինների մնացորդներով խառնված խիստ թթվային տեղումները քաղաքի փողոցները պատել են վտանգավոր սև յուղային շերտով։