Շիրակի թեմի առաջնորդը դատի է տվել իրեն զրպարտած նախկին քահանային
Լուսանկարը` medialab.am
Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատական հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ: Սրբազանը պահանջում է հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները և բռնագանձել համապատասխան դրամական փոխհատուցում:
Դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ հայցադիմումի համար հիմք է հանդիսացել Ստեփան Ասատրյանի վերջին հարցազրույցներից մեկը: Դրանում պատասխանող կողմը հրապարակայնորեն հայտարարել էր, թե իբր կուսակրոնություն ընդունած Միքայել արքեպիսկոպոսը կին և դուստր ունի: Նման պնդումները գնահատվել են որպես բացահայտ զրպարտություն՝ ուղղված բարձրաստիճան հոգևորականի բարի համբավի արատավորմանը:
Հատկանշական է, որ պատասխանողի անունը հանրությանը հայտնի է վերջին շրջանի ներեկեղեցական աղմկահարույց սկանդալներից։ Ստեփան Ասատրյանը նախկին հոգևորական է՝ նախկինում հայտնի որպես Տեր Արամ քահանա, ով 2025 թվականի աշնանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի որոշմամբ կարգալույծ է հռչակվել և դասվել աշխարհականների շարքին: Պաշտոնանկությունից հետո նա հրաժարվում էր ենթարկվել եկեղեցական ղեկավարության որոշումներին, մասնավորապես՝ տևական ժամանակ չէր հանձնում Հովհաննավանքի բանալիները:
Ասատրյանը պարբերաբար հանդես է գալիս Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականության դեմ ուղղված կոշտ քննադատությամբ՝ փորձելով կաթողիկոսի դեմ բողոքի ալիք բարձրացնել: