Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոշտ արձագանք է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էջմիածնի կենտրոնական հրապարակում համախմբում կազմակերպելու հայտարարությանը՝ ընդգծելով, որ դա հերթական փորձն է միջամտելու Եկեղեցու ներքին ինքնավարությանը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 20-ի հրապարակային ելույթին, որի ընթացքում նա կոչ էր արել իր աջակիցներին հավաքվել Վաղարշապատի կենտրոնական հրապարակում՝ «ազատագրելու» Վեհարանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը։ Մայր Աթոռը հայտարարության մեջ այս քայլը որակում է որպես բացահայտ միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին, որն անթույլատրելի է իրավական և բարոյական տեսանկյունից։ «Խստորեն դատապարտում ենք այս քայլը՝ որպես փորձ ոտնձգելու Մայր Աթոռի վրա, խաթարելու Հայոց Եկեղեցու ինքնիշխանությունն ու խորը ավանդույթները», – նշված է հայտարարության մեջ։ Մայր Աթոռը կոչ է անում իշխանություններին դադարեցնել հակաեկեղեցական հռետորաբանությունն ու կենտրոնանալ երկրի առջև ծառացած իրական խնդիրների լուծման վրա։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Մայր Աթոռը դիմում է իրավասու պետական մարմիններին՝ պահանջելով կանխել այդ միջոցառումը, որն ըստ եկեղեցու՝ հակասում է սահմանադրության 17-րդ հոդվածով ամրագրված՝ Եկեղեցու և պետության բաժանման սկզբունքին։ Մայր Աթոռը բարձր է գնահատում ժողովրդի հավատարմությունը և սերը եկեղեցու հանդեպ՝ կոչ անելով չտրվել սադրանքների, պահպանել սթափություն և միասնականություն՝ դիմագրավելու ստեղծված ճգնաժամը։ Հիշեցնենք, որ Փաշինյանը վերջին շրջանում բազմիցս քննադատել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և հայտարարել, որ ժամանակն է նրա հրաժարականը ապահովել այն նույն եղանակով, ինչպիսին 2018 թվականին ժողովրդի ճնշմամբ ապահովվեց Սերժ Սարգսյանի հեռացումը։ Նա ընդգծել է, որ առաջիկայում կգումարվի համաժողովրդական հավաք հենց Էջմիածնի հրապարակում՝ «Վեհարանի հարցը լուծելու» նպատակով։